Չորեքշաբթի, 30 Ապրիլի 2014 17:01
Հակառակ շուկայական միտումներին, Ամերիաբանկն առաջին եռամսյակում ավելացրել է ակտիվներն ու պարտավորությունները
ԱրմԻնֆո. 2014 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով Ամերիաբանկի ակտիվներն ավելացել են 8%, մինչև 340 մլրդ.դրամ, իսկ պարտավորությունները` 9%, մինչև 300 մլրդ.դրամ: Այս մասին այսօր Ամերիաբանկում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է բանկի գլխավոր տնօրենի տեղակալ Գևորգ Թարումյանը:
Սակայն, ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի Բանկերի Ֆինանսական Վարկանիշի, 2014 թվականի առաջին եռամսյակում Հայստանի բանկային համակարգի ակտիվները նվազել են 0.2%, իսկ պարտավորությունները` 0.8%: Բանկի ֆինանսական տնօրենը հավելել է, որ ակտիվների ծավալներով Ամերիաբանկը Հայաստանի բանկային համակարգում զբաղեցնում է առաջին տեղը: Բանկն առաջինն է նաև ընդհանուր պարտավորությունների գծով:
Ամերիաբանկի ակտիվների կառուցվածքում վարկային ներդրումներն առաջին եռամսյակի արդյունքներով կազմել են 53% կամ 181 մլն.դրամ: Բանկի ընդհանուր պարտավորությունների կառուցվածքում ֆիզիկական անձանց հանդեպ պարտավորություններն ապրիլի 1-ին կազմել են 25%, կազմելով 212 մլրդ.դրամ (1 տեղ): Ֆիզիկական անձանց ժամկետային ավանդները եռամսյակում աճել են 9%, իսկ տարեկան աճը կազմել է 40%, մինչև 74 մլրդ.դրամ:
2014 թվականի առաջին եռամսյակը բանկը եզրափակել է 1.4 մլրդ.շահույթով, տարեկան աճը`2%, իսկ առաջին եռամսյակի անկումը`6%: Իսկ բանկային համակարգի չբաշխված շահույթը հաշվետու եռամսյակում կրճատվել է գրեթե մեկ երրորդով:
Ամերիաբանկը հանդիսանում է ունիվերսալ բանկը, որը բանկային լուծումների համալիր փաթեթի տեսքով տրամադրում է ներդրումային, կորպորատիվ և մանրածախ բանկային ծառայություններ: Բանկի միանձնյա սեփականատերն է Ameria Group (CY) Limited ընկերությունը` 100%: