Երկուշաբթի, 12 Մայիսի 2014 16:29
Լրագրողների թեթև ձեռքով Ամերիաբանկի Visa քարտերի երկու քարտապաններ շահեցին ֆուտբոլի աշխարհի 2014 թվականի առաջնության ուղեգրեր
ԱրմԻնֆո. Սույն թվականի մայիսի 12-ին Ամերիաբանկի գլխամասային գրասենյակում` զանգվածային լրատվամիջոցների ներկայությամբ տեղի ունենացավ Ամերիաբանկի Visa քարտապանների համար անցկացվող FIFA World Cup BrazilTM խաղարկության վիճակահանությունը` Ամերիաբանկի Visa քարտապանների մասնակցությամբ:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, խաղարկության արդյունքում վիճակահանության արկղից առաջինը դուրս բերվեց Ամերիաբանկի Visa քարտապան Ղարիբյան Աննայի անունը, ով ս.թ. հունիսի 16-ից մինչև 19-ը կմեկնի Ֆորտալեզա՝ մասնակցելու այնտեղ կայանալիք ֆուտբոլային խաղին: Երկրորդ քարտապանը Թորոսյան Արթուրն է, ով ստացավ հնարավորություն մասնակցելու ս.թ. հունիսի 30-ից մինչև հուլիսի 3-ը Սալվադոր քաղաքում կայանալիք ֆուտբոլային խաղին:
Մնացյալ մասնակիցներին կտրամադրվեն Visa-ի և FIFA-ի ապրանքանիշով մոտ 300 այլ մրցանակներ, մասնավորապես` ֆուտբոլի գնդակներ, բրենդավորված ուսապարկեր և այլն:
Ինչպես նշել է Ամերիաբանկի մանրածախ բանկինգի տնօրեն Արման Բարսեղյանը, իրականացված ակցիայի նպատակը անկանխիկ գործառնությունների խթանումն էր: «Վերջին տարիներին Ամերիաբանկը կայուն կերպով ավելացնում է ինչպես իր քարտերով շրջանառությունը, այնպես էլ քարտերի քանակը, միաժամանակ գրանցելով նաև անկանխիկ գործառնությունների ծավալների կայուն աճ: Այդ դինամիկան պահպանելու համար բանկը նման ակցիաներ կանցկացնի նաև ապագայում»,-նշել է Ա.Բարսեղյանը: Նա նաև տեղեկացրել է, որ ակցիայի անցկացման ընթացքում, մարտի 10-ից ապրիլի 30-ը, Ամերիաբանկի քարտերով անկանխիկ գործառնությունների քանակն աճել է 33%, իսկ միայն Visa քարտերով` 55%: Ներկայումս բանկն ունի 55 հազար ակտիվ քարտեր:
Նշենք, որ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն ունիվերսալ բանկ է, որը կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ է մատուցում է ամբողջական բանկային լուծումների փաթեթի տեսքով: Բանկի միակ բաժնետերն է Ամերիա խումբը` 100%: