Ուրբաթ, 16 Մայիսի 2014 14:30
Ամերիաբանկը պարգևատրել է «Ժամանակակից բիզնես միջավայր» մրցույթի հաղթողներին
ԱրմԻնֆո. Մայիսի 16-ին ժամը 15:00-ին Ամերիաբանկի վերապատրաստումների կենտրոնում զանգվածային լրատվամիջոցների ներկայությամբ տեղի ունեցավ «Ժամանակակից բիզնես միջավայր» ինտերիերի դիզայնի մրցույթի արդյունքների ամփոփման և մրցանակների հանձնման արարողությունը:
Ինչպես լրագրողներին տեղեկացրել է Ամերիաբանկի վերաորակավորման և զարգացման բաժնի ղեկավար Լարիս Բիչախչյանը, մարտի 28-ից հայտարարված մրցույթի վերջնական արդյունքում առաջին մրցանակը Ամերիաբանկի կողմից, մրցույթի արդյունքները գնահատող հանձնաժողովի որոշմամբ, շնորհվեց «Բազա» ստուդիային, որի ներկայացրած աշխատանքը աչքի էր ընկում կրեատիվությամբ, ֆունկցիոնալ և յուրօրինակ մոտեցմամբ` լուծելով տարածքի արդյունավետ օգտագործման, լուսավորության խնդիրները: Երկրորդ մրցանակը Զիգզագ և Սամսունգ ընկերությունների միասնական հանձնաժողովի որոշմամբ շնորհվեց Յանա Մաթևոսյանին, որի առաջարկած լուծումներն ամբողջովին համապատասխանում էին ներկայացված ուղեցույցի պահանջներին:
Նշենք, որ մրցույթի մասնակիցներ կարող էին դառնալ ինչպես հայկական, այնպես էլ օտարերկրյա բուհերի շրջանավարտները, ովքեր սովորում են արվեստ, դիզայն, նախագծում, ճարտարապետություն և նման մասնագիտություններով` անհատական կամ խմբով: Մրցույթին կարող էին մասնակցել նաև վերը նշված մասնագիտությունների գծով ունակությունների տիրապետողները: