Երկուշաբթի, 19 Մայիսի 2014 13:47
Պատգամավոր. Բանկային բարձր տոկոսադրույքները Հայաստանից բնակչության զանգվածային փախուստի պատճառներից մեկն է
ԱրմԻնֆո. Բանկային բարձր տոկոսադրույքները Հայաստանից բնակչության զանգվածային արտահոսքի պատճառներից մեկն է: Մարդիկ ստիպված են վաճառել իրենց ունեցվածքը, որպեսզի մարեն վարկերը և հեռանան երկրից: Այս մասին այսօր ՀՀ Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, հաղորդելով նաև, որ խմբակցությունը չի մասնակցի Կենտրոնական բանկի ղեկավարի ընտրության քվեարկությանը:
Նրա խոսքով, աննախադեպ բարձր տոկոսադրույքները խեղդում են Հայաստանի տնտեսությունը, բերում բազմաթիվ ձեռնարկությունների փակման, հատկապես ՓՄՁ ոլորտում, ինչպես նաև դեղագործական տնտեսություններում: Զոհրաբյանը տեղեկացրել է, որ ՀՀ ԿԲ նախագահի թեկնածու Արթուր Ջավադյանի հետ հանդիպմանը վերջինս նշել է, որ Հայաստանում վարկերի վերադարձվելիությունը մոտեցել է 98% ցուցանիշին: Այդ դեպքում, իր մտահոգությունն է հայտնում պատգամավորը, որտեղից է առաջանում անվճարունակների այդ բանակը, և ինչու են այդ դեպքում առևտրային բանկերը մշտապես բարձրացնում ռիսկերի հարցը, եթե դրանք այդպես զգալիորեն կրճատվել են: Զոհրաբյանն ընդգծել է, որ երկրի բանկային համակարգը չի կարող համարվել կայուն, այն դեպքում, երբ տեղի է ունենում ձեռնարկությունների զանգվածային փակում: «Այդ դեպքոմ ո՞ւմ են վարկավորում բանկերը, և ինչպե՞ս կարելի է նման պայմաններում բանկային համակարգը լինել կայուն»,-հարցադրել է պատգամավորը:
Նշենք, որ ըստ ԱրմԻնֆո գործակալության`«Հայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշի», 2014 թվականի ապրիլի 1-ի դրությամբ վատ վարկերի մակարդակը (NPL) երկրի բանկային համակարգում կազմել է Համակարգի վարկային ընդհանուր պորտֆելի 7.5%-ը: Մեկ տարի առաջ այդ ցուցանիշը կազմում էր 5.9%: Տարեկան կտրվածքով ժամկետանց վարկերը բացարձակ արտահայտությամբ աճել են 30%, ընդ որում, անհույս վարկերը միայն այս տարվա առաջին եռամսյակում աճել են 20%: Ըստ անկախ փորձագետների, հաշվի առնելով վարկառուների վերավարկավորումը, իրական NPL-ները համակարգում կազմում են 13-15%: