Հինգշաբթի, 8 Մայիսի 2014 19:44
ACBA-Credit Agricole Bank-ը երիտասարդների համար մշակում է վարկային նոր պրոդուկտներ
ԱրմԻնֆո. ACBA-Credit Agricole Bank-ը երիտասարդների համար մշակում է վարկային նոր պրոդուկտներ: Այս մասին այսօր Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ACBA-Credit Agricole Bank-ի բանկի նորանշանակ ղեկավար Հակոբ Անդրեասյանը: Նա նշել է, որ բանկը մտադիր է ավելացնել սպառողական վարկավորումը (այդ թվում նաև հիփոթեքը), ինչպես նաև ՓՄՁ ոլորտի վարկավորումը, էապես թեթևացնելով նաև վարկի ձևակերպման գործընթացը:
Անդրադառնալով բանկի հիմնական ֆինանսական ցուցանիշներին, Անդրեասյանը նշել է, որ բանկի վարկային պորտֆելը տարեսկզբից աճել է 8%, մինչև 163 մլրդ.դրամ: Բանկի ակտիվները կազմում են 261 մլրդ.դրամ, նշել է նա: Բանկի ավանդներն աճել են, հասնելով 88 մլրդ.դրամի, իսկ հաճախորդների բազան` մոտ 250 հազարի, որոնց մեծ մասը ֆիզիկական անձինք են: Նա նշել է, որ բանկը պատրաստվում է 2014 թվականին էլ ավելի բարելավել այդ ցուցանիշները և տարին եզրափակել շահույթով:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության`Հայաստանի Բանկերի Ֆինանսական Վարկանիշի, ACBA-Credit Agricole Bank-ի ընդհանուր կապիտալը 2014-ի հունվարի 1-ին կազմել է 54.3 մլրդ դրամ, կանոնադրական կապիտալը`30 մլրդ դրամ, և այս երկու ցուցանիշներով բանկը հանդիսանում է շուկայի առաջատարը: Բանկի ընդհանուր կապիտալի կառուցվածքում կուտակված շահույթը կազմել է 15.4 մլրդ դրամ, տեղ գրավելով առաջատարների հնգյակում: 2013 թվականը ACBA-Credit Agricole Bank-ը եզրափակել է 5.1 մլրդ.դրամ զուտ շահույթով (4-րդ տեղ), չորրորդ եռամսյակի աճը`24,4%: 2014 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով նշված ձեռքբերումները պահպանվել են, բացառությամբ զուտ շահույթի: