Երեքշաբթի, 20 Մայիսի 2014 14:32
Կոնվերս Բանկը կազմակերպել է «Ապագայի թիմ» ուսումնական ծրագիրը
ԱրմԻնֆո. Կոնվերս Բանկում մեկնարկել է «Ապագայի թիմ» ուսումնական ծրագիրը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, ծրագրի շրջանակներում 25 եռանդուն երիտասարդներ, ովքեր հաղթահարել են նախընտրական փուլերը, մասնակից են դարձել Կոնվերս Բանկի առաջատար մասնագետների կողմից մշակված հատուկ 1,5 ամիս տևողությամբ դասընթացներին:
«Առաջին անգամ «Ապագայի թիմ» ծրագիրը անց է կացվել 2012-ին: Ծրագրի ավարտին 20 մասնակից դարձան Կոնվերս Բանկի աշխատակից: 2012-ի լավ ցուցանիշներով ոգեշնչվելով՝ 2013-ին ծրագիրն իրականացրեցինք 2-րդ անգամ, իսկ Կոնվերս Բանկում աշխատանքի անցած երիտասարդ մասնագետների թիվը գրեթե կրկնապատկվեց», - պատմում է Կոնվերս Բանկի անձնակազմի կառավարման բաժնի պետ Լուսինե Մելիքսեթյանը:
Դասընթացներն անց են կացվում շաբաթական 2-3 օր, 2 ժամ տևողությամբ՝ Կոնվերս Բանկի գլխամասային գրսենյակի ուսումնական կենտրոնում: Ծրագրի ավարտից հետո հաջողությամբ հաղթահարելով ատեստացիայի փուլը երիտասարդ մասնագետները աշխատանքի կանցնեն Կոնվերս Բանկում:
«Յուրաքանչյուր տարի Կոնվերս Բանկում աշխատանքի են անցնում բուհերի տասնյակ շրջանավարտներ: Մեզ համար անչափ կարևոր է եռանդուն և որակյալ մասնագետների ներգրավումը աշխատանքային պրոցեսի մեջ: Կոնվերս Բանկի կորպորատիվ սոցիալական ռազմավարության ծրագրերը այս տարի ուղղված են մասնավորապես կրթությանը», - նշել է Բանկի գործադիր տնօրեն Տիգրան Դավթյանը:
2014-ին նախատեսվում է անցկացնել ևս մեկ «Ապագայի թիմ» ծրագիր, որին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները: Ծրագրի մասնակիցներն ընտրվում են ըստ հատուկ մշակված թեստավորման և անհատական հարցազրույցի:
Նշենք, որ «Ապագայի թիմ» ուսումնական ծրագիրը մշակված է հատուկ այն եռանդուն երիտասարդների համար, ովքեր ցանկանում են աշխատանքի անցնել Հայաստանի առաջատար բանկերից մեկում: Յուրաքանչյուր տարի Կոնվերս Բանկում աշխատանքի են անցնում բուհերի տասնյակ շրջանավարտներ: Բանկի համար անչափ կարևոր է եռանդուն և որակյալ մասնագետների ներգրավումը աշխատանքային պրոցեսի մեջ:
Ի դեպ, 2014 թվականի ապրիլի 1-ի դրությամբ Կոնվերս Բանկն ուներ 749 աշխատող, տարեկան աճը` 8.7% կամ 60 հոգով: Աշխատակիցների կազմով Բանկն զբաղեցնում է 6-րդ տեղը համակարգում: Բանկն ունի 35 մասնաճյուղ, որից 14-ը գտնվում է Երևանում, 20-ը` մարզերում և 1-ը`ԼՂՀ-ում:
Հիշեցնենք, որ Կոնվերս Բանկը գործում է 1993 թվականից: Բանկի բաժնետերերն են` Էդուարդո Էռնեկյանի կողմից վերահսկվող` Edvansd Global Investments LLc ընկերությունը` 95% և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը` 5%: