Չորեքշաբթի, 21 Մայիսի 2014 13:47
ՎՏԲ-Հայաստան Բանկը երկու տարում կրկնապատկել է ֆիզիկական անձանց վարկային պորտֆելը, հաղթահարելով հոգեբանական
ԱրմԻնֆո. ՎՏԲ-Հայաստան Բանկը երկու տարում կրկնապատկել է ֆիզիկական անձանց վարկային պորտֆելը: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսևը:
Նրա խոսքով, ներկայումս բանկի ֆիզիկական անձանց վարկային պորտֆելը կազմում է 100 մլրդ.դրամ, ինչը բանկի համար հոգեբանորեն նշանակալից գնահատական է: 2013 թվականի արդյունքներով բանկը ֆիզիկական անձանց վարկային պորտֆելի ծավալով զբաղեցրել է երկրորդ տեղը Հայաստանի բանկային համակարգում, տարեկան կտրվածքով արձանագրելով 35.5% աճ, մինչև 88 մլրդ.դրամ կամ շուկայի 15%-ը: Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում այդ մասնաբաժինն արդեն հասավ 15.8%-ի, ամրապնդելով բանկին երկրորդ հորիզոնականում:
«2013 թվականը ՎՏԲ խմբի մանրածախ և կորպորատիվ բիզնեսի եռամյա ռազմավարության եզրափակիչ տարին էր: ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից մանրածախ բիզնեսի պլանների հաջող կատարումը հանդիսանում է այդ ռազմավարության արդյունքը: Այս ցուցանիշը վկայում է այն մասին, որ բանկը պահպանել է դեռևս 2009 թվականին նախատեսված աճի տեմպերը»,-ասել է Գուսևը:
Նա նշել է, որ ռազմավարության շրջանակներում բանկի հիմնական խնդիրը մանրածախ բիզնեսի վարկավորման մոդելի լիակատար փոփոխություններ էր: «Բանկի գործունեությունը մանրածախ բիզնեսում ուղղված է ոչ միայն ավանդային ու վարկային պորտֆելների աճին և մանրածախ ծառայությունների իրացման արդյունավետության բարձրացմանը, այլև առաջին հերթին մանրածախ պրոդուկտային շարքի կատարելագործմանը, մասնավորապես, վաճառքի այլընտրանքային ուղիների զարգացմանը, որոնք թույլ են տալիս պարզեցնել ձևակերպման կարգը և կրճատել հաճախորդների սպասարկման ժամանակը: Փոքր բիզնեսի վարկավորման զարգացումը բանկի 2014 թ. գերակա ուղղություն է, որի զարգացման ճանապարհներից մեկը որոշ բիզնես-գործընթացների ավտոմատացումն է, ինչը կկրճատի վարկերի հաստատման և տրամադրման ժամանակը, կարդիականացվի վարկավորման ամբողջ գործընթացը, կպարզեցվի վարկի հաստատման սխեման ստանդարտ սեգմենտի համար»,-ընդգծել է Գուսևը:
Նա նշել է, որ 2013 թվականին բանկն ապահովել է գործառնական շահույթի ռեկորդային ցուցանիշ, դրանով նույնպես տեղ գրավելով առաջատարների շարքում: 2013 թվականին բանկի տոկոսային զուտ եկամուտը կազմել է 11.5 մլրդ.դրամ, միջնորդային զուտ եկամուտը` 1.39 մլրդ.դրամ, նշել է նա:
Նշենք, որ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: