Երկուշաբթի, 9 Հունիսի 2014 17:52
«Բումերանգ» ակցիայի շրջանակներում Ամերիաբանկը ՓՄՁ ոլորտի վարկառուներին առաջարկում է մյուս բանկերից տեղափոխվել իրեն մոտ, փոխարենը վարկային գումարի 1%-ը ետ ստանալու պայմանով
ԱրմԻնֆո. Ամերիաբանկը հանդես է գալիս ՓՄՁ-ների վարկավորման հատուկ արշավով, ինչը ՓՄՁ-ներին հնարավորություն կընձեռի օգտվել Ամերիաբանկի կողմից առաջարկվող վարկավորման նոր առավելություններից: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, «Բումերանգ» արշավիշրջանակներում հիանալի հնարավորություն կստանան այն վարկառու ՓՄՁ-ները, ովքեր իրենց վարկը այլ բանկերից կտեղափոխեն Ամերիաբանկ: Արդյունքում` տեղափոխվող վարկի գումարի 1%-ը Ամերիաբանկը կվերադարձնի վարկառուին, և վերջինս հնարավորություն կստանա այն տնօրինելու իր հայեցողությամբ: Ընդ որում, չի գանձվում վարկի տրամադրման համար որևէ վճար, և Բանկը հոգում է գույքի գնահատման, գրավադրման և պայմանագրերի նոտարական վավերացմանն առնչվող բոլոր ծախսերը:
Աղբյուրի համաձայն, ներկայացված առաջարկից կարող են օգտվել բոլոր այն վարկառուները, որոնք ունեն գույքով ապահովված բիզնես վարկ կամ վարկային գիծ (օվերդրաֆտ)`10 մլն-100 մլն ՀՀ դրամի չափով, եթե առկա է այդ վարկերի պատշաճ սպասարկման առնվազն 3 ամսվա պատմություն: Արշավի շրջանակներում վարկերը տրամադրվում են նվազագույնը երեք տարի մարման ժամկետով: Արշավն ուժի մեջ է մինչև սույն թվականի օգոստոսի 31-ը:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության, Հայաստանի Բանկերի Ֆինանսական Վարկանիշի, ՓՄՁ սուբյեկտների վարկավորման ակտիվությամբ Ամերիաբանկը գտնվում է Հայաստանի առաջատար բանկերի տասնյակում, 2014 թվականի ապրիլի 1-ի դրությամբ ապահովելով 36.5 մլրդ.դրամ ծավալ, տարեկան աճը`50%: Բանկի վարկային պորտֆելում ՓՄՁ ոլորտի վարկավորման մասնաբաժինը գերազանցում է 20%-ը: Կորպորատիվ վարկավորման պորտֆելով բանկը հանդիսանում է համակարգի առաջատարը (150 մլրդ.դրամ, տարեկան աճը` 12%): Զուտ շահույթով բանկը գտնվում է առաջատարների եռյակում, իսկ ROE և ROA գծով գտնվում է առաջատարների տասնայակում:
Նշենք, որ Ամերիաբանկը հանդիսանում է ունիվերսալ բանկ, որը ներդրումային, կորպորատիվ և մանրածախ բանկային ծառայություններ է մատուցում բանկային լուծումների համալիր փաթեթի տեսքով: Բանկի 100% սեփականատերն է Америя Групп CY Ltd ընկերությունը: