Ուրբաթ, 13 Հունիսի 2014 18:25
ՎՏԲ-Հայաստան Բանկը ֆինանսավորում է հյուրատան կառուցումը Երևանում
ԱրմԻնֆո. ՎՏԲ-Հայաստան Բանկը ֆինանսավորում է ժամանակակից հյուրատան կառուցումը Երևանի կենտրոնում: Այն ներառելու է բնակարաններ, գրասենյակային, առևտրային տարածքներ, ռեստորանային համալիր, ֆիթնես-կենտրոն:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, ֆինանսավորման գումարը կազմում է 8 մլրդ ՀՀ դրամ: Կառուցապատումն իրականացնում է «Դի Էնդ Էյջ Գրուպ» ընկերությունը, և նախատեսվում է այն ավարտին հասցնել 2016թ.:
Հյուրատների (ապարտ-հյուրանոց) գաղափարը բավականին լայն տարածում ունի աշխարհի խոշոր քաղաքներում: Նմանատիպ հյուրանոցային ծառայությունները Հայաստանում սկսել են զարգանալ համեմատաբար վերջերս:
«ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից ֆինանսավորվող նոր հյուրատան կառուցումը թույլ կտա ստեղծել նոր աշխատատեղեր դրա կառուցման և շահագործման ընթացքում: Քանի որ սա հյուրանոցային ծառայությունների նոր տեսակ է Հայաստանում, կցանկանայի, որպեսզի համալիրը բարձր նշաձող սահմանի Երևանում այս ուղղության զարգացման համար: Վստահ եմ, որ համալիրը կգոհացնի քաղաքի հյուրերին»,-նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յու. Գուսևը:
Նշենք, որ «Դի Էնդ Էյջ Գրուպ» ՍՊԸ հիմնվել է 2007թ. Դալմա Պլազա նախագծի իրականացման նպատակով: 2013թ. ընկերությունը ձեռք է բերվել «Լոգիկոն» ընկերությունների խմբի կողմից:
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: