Հինգշաբթի, 12 Հունիսի 2014 16:13
«Ինեկոբանկ» ՓԲԸ-ին շնորհվել է կուտակային կենսաթոշակային համակարգի հաշվի օպերատորի կարգավիճակ
ԱրմԻնֆո. 2014 թվականի հունիսի 2-ին «Ինեկոբանկ» ՓԲԸ-ին շնորհվել է կուտակային կենսաթոշակային համակարգի հաշվի օպերատորի կարգավիճակ: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է NASDAQ OMX Armenia-ի մամուլի ծառայությունից:
Աղբյուրի համաձայն, այդ կարգավիճակում բանկը կսպասարկի կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցներին` միջնորդելով Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիայի կողմից մասնակիցներին մատուցվող ծառայությունները:
«Ինեկոբանկ» ՓԲԸ-ն համալրել է արդեն իսկ գործող 7 հաշվի օպերատորների ցանկը, որոնց թվում են «ՀԱՅՓՈՍՏ» ՓԲԸ-ն և 6 բանկեր՝ «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ, «Արդշինինվեսբանկ» ՓԲԸ, "Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան" ՓԲԸ, «Կոնվերս Բանկ» ԲԲԸ, «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ, «ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ» ՓԲԸ:
Նշենք, որ կենսաթոշակային համակարգի մասնակիցները կարող են նշված հաշվի օպերատորների և «Իմ հաշիվ» հավելվածի միջոցով կառավարել իրենց կենսաթոշակային հաշիվները, մասնավորապես՝ ներկայացնել ֆոնդի և ֆոնդի կառավարչի ընտրության և այլ դիմումներ, ինչպես նաև ստանալ տեղեկատվություն կենսաթոշակային հաշվով կատարված գործառնությունների վերաբերյալ:
Ինեկոբանկը հիմնադրվել է 1996 թվականին: Գործունեության տարիների ընթացքում հաստատվել է որպես բանկային համակարգի արդյունավետ և դինամիկ զարգացող բանկ: Բանկի նպատակն է խթանել մասնավոր հատվածի զարացումը Հայաստանում՝ հանդես գալով որպես միկրո, փոքր և միջին բիզնեսի, ինչպես նաև անհատ հաճախորդների հուսալի և հավատարիմ գործընկեր: 2013 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Բանկի ընդհանուր ակտիվները կազմել են 320 մլն ԱՄՆ դոլլար, իսկ համախառն վարկային պորտֆելը 213 մլն ԱՄՆ դոլար: Բանկն ունի 205.000 ակտիվ հաճախորդ, որոնք սպասարկվում են Բանկի 16 մասնաճյուղերում: