Երկուշաբթի, 23 Հունիսի 2014 19:18
ՀՀ Կենտրոնական բանկը պահպանել է 2014 թվականի 2.5-5.5% գնաճի 12-ամսյա կանխատեսումները
ԱրմԻնֆո. ՀՀ Կենտրոնական բանկը 2014 թվականի 2-րդ եռամսյակի Դրամավարկային քաղաքականության ծրագրում պահպանել է գնաճի նախկին կանխատեսումները, որի համաձայն, 2014 թվականին Հայաստանում 12-ամսյա գնաճը կկազմի 2.5-5.5%: Ընթացիկ տարում գնաճը կնվազի ավելի ինտենսիվորեն, քան սպասվում էր, և արդեն 3-րդ եռամսյակում կհասնի նպատակային սահմանի ստորին թիրախին:
Աղբյուրի համաձայն, գնաճի նվազումը հիմնականում պայմանավորված կլինի 2013 թվականին էներգակիրների սակագների բարձրացման ազդեցության վերացումով: Միևնույն ժամանակ, դրամավարկային պայմանների շարունակվող նվազումը, ինչպես նաև ընդլայնվող հարկա-բյուջետային քաղաքականությունը կնպաստեն համախառն պահանջարկի աճին և գնաճի տեմպերի վերականգնմանը: Արդյունքում, առաջիկայում տնտեսության աճը որոշ առումով կակտիվանա, ինչն, իր հերթին, միջնաժամկետ հեռանկարում կնպաստի գնաճի կայունացմանը:
Ծրագրով կանխատեսված մակարդակից գնաճի բացառման ռիսկերը կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում գնահատվում են որպես հավասարակողմ: Այսպես, արտաքին անորոշությունները ձևավորված են զարգացող երկրների (հատկապես Ռուսաստանի) տնտեսական հեռանկարների շուրջ, ինչպես նաև համաշխարհային հումքային և պարենային շուկաների վրա դրա ազդեցությունով:
Ներքին տնտեսության անորոշությունները հիմնականում կապված են մասնավոր կապիտալ ներդրումների վերականգնման տեմպերի, ՀՀ պետբյուջեի կատարման, ինչպես նաև գյուղատնտեսության իրավիճակի հետ: Նման ռիսկերի առաջացման դեպքում ԿԲ միջնաժամկետ կտրվածքով գնաճի նպատակային մակարդակ ապահովելու համար կնախաձեռնի պատասխան քայլեր:
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, 2013-ին գնաճը կազմել է 5.6%, իսկ 2012-ի համեմատ`5.8%: 2013-ին պարենային ապրանքների գները (ներառյալ ոգելից խմիչքը և ծխախոտը) աճել են 4%, ոչ պարենային ապրանքներինը` 3.5%, իսկ ծառայությունների սակագները` 9,7%: 2012-ի համեմատ այս ցուցանիշները համապատասխանաբար աճել են` 5,8%, 4.6% և 6.4%: