Երեքշաբթի, 24 Հունիսի 2014 18:31
Վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցվել է 0.25 տոկոսային կետով՝ սահմանվելով 7 տոկոս
ԱրմԻնֆո. 2014 թ. հունիսի 24-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.00%: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
2014 թ. մայիսին արձանագրվել է 0.8% գնանկում՝ նախորդ տարվա նույն ամսվա անփոփոխ գների մակարդակի դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճը մայիսի վերջին կազմել է 3.6%: Խորհուրդը կարծում է, որ առաջիկա ամիսներին գնաճային միջավայրը կշարունակի մեղմվել՝ հիմնականում պայմանավորված 2013 թ. հուլիսին էներգակիրների սակագների բարձրացման ազդեցության վերացմամբ, և հատկապես երրորդ եռամսյակում կգտնվի նպատակային ցուցանիշի տատանումների թույլատրելի միջակայքի ստորին սահմանից ներքև:
Խորհուրդն արձանագրում է, որ աշխարհաքաղաքական զարգացումների ներքո արտաքին հատվածում պահպանվում են անորոշությունները՝ կապված համաշխարհային տնտեսության և գործընկեր երկրների տնտեսական հեռանկարների հետ, այդուհանդերձ արտաքին հատվածից էական գնաճային ճնշումներ դեռևս չեն ակնկալվում:
Խորհուրդը գնահատում է, որ 2014 թ. առաջին կեսի արդյունքներով տնտեսական աճը գտնվում է ակնկալվածի շրջանակներում: Ընդ որում, արդյունաբերության ճյուղի համեմատաբար պասիվությունն ու շինարարության ճյուղի վերականգնման ցածր տեմպերը փոխհատուցվել են գյուղատնտեսության և ծառայությունների՝ սպասվածից ավելի բարձր աճով: 2014 թ. երկրորդ կեսից սպասվող ընդլայնողական հարկաբյուջետային քաղաքականությունը և մինչ օրս ԿԲ կողմից դրամավարկային պայմանների իրականացված թուլացումը կարճաժամկետում կհանգեցնեն համախառն պահանջարկի ընդլայնմանն ու գնաճի տեմպերի վերականգնմանը: Արդյունքում, չորրորդ եռամսյակում 12-ամսյա գնաճը կավելանա՝ տարեվերջին գտնվելով տատանումների թույլատրելի միջակայքի ստորին հատվածում: Այս իրավիճակում ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում շարունակել դրամավարկային պայմանների թուլացումը՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքի իջեցման միջոցով:
ԿԲ խորհուրդը համակարծիք է, որ արտաքին և ներքին տնտեսական հետագա զարգացումներին ԿԲ-ն կարձագանքի դրամավարկային քաղաքականության ուղղությունների համապատասխան ճշգրտմամբ՝ ապահովելով գնաճի նպատակի իրագործումը միջնաժամկետ հատվածում:
Տոկոսադրույքի մակարդակի որոշման հիմքում ընկած մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ հուլիսի 4-ին հրապարակվելիք Մամլո հաղորդագրությունում (Տոկոսադրույքի արձանագրություն):
Լոմբարդային ռեպոների և ներգրավված միջոցների տոկոսադրույքները սահմանվել են համապատասխանաբար 8.5% և 5.5%:
Վերաֆինանսավորման տոկոսադրույքի նախորդ նվազեցումները տեղի էին ունեցել անցյալ տարվա նոյեմբերի 12 – ին` 8.5 % - ից մինչև 8 %: Նույն օրը 0.5 տոկոսային կետով նվազեցին նաև ներգրավված ավանդների տոկոսադրույքները` 7% - ից մինչև 6.5%, ինչպես նաև ռեպո տոկոսադրույքերը`10% - ից մինչև 9.5 %: Իսկ մինչ այդ ՀՀ ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը 8.5 % - ից մինչև 8% իջեցրել էր 2011 թվականի ապրիլ 12-ին, պահելով այն այդ մակարդակի վրա մինչև 2013-ի օգոստոսի 13-ը, երբ կրկին բարձացվեց մինչև 8.5%: Նույնքան կետով ԿԲ խորհուրդը վերանայել էր նաև ավանդների դրույքաչափերը, բարձրացնելով 6.5 % - ից մինչև 7%, իսկ լոմբարդային ռեպո տոկոսադրույքները պահպանել 10%, պահելով այդ մակարդակում մինչև 2013-ի նոյեմբերի 12-ը: