Հինգշաբթի, 26 Հունիսի 2014 19:06
Հայաստանի ֆինանսական շուկայում շարունակվում է կարճաժամկետ տոկոսադրույքների նվազումը
ԱրմԻնֆո. Հայաստանի ֆինանսական շուկայում 2014-ի առաջին եռամսյակում շարունակվել է 2013-ի 4-րդ եռամսյակում գրանցված կարճաժամկետ տոկոսադրույքների նվազումը: Ինչպես նշվում է ՀՀ Կենտրոնական բանկի 2014 թվականի 2-րդ եռամսյակի Դրամավարկային քաղաքականության ծրագրում, դա պայմանավորված է ԿԲ կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի  աստիճանաբար նվազեցումով, ինչպես նաև ՀՀ դրամով պարտադիր պահուստավորման նորմատիվի իջեցումով (4%-ից մինչև 2%):
Ըստ աղբյուրի, NASDAQ OMX Armenia ֆոնդային բորսայում տոկոսադրույքների միջին եռամսյակային մակարդակը միջբանկային վարկերի գծով (overnight) 2014-ի առաջին եռամսյակում նախորդ եռամսյակի համեմատ նվազել է 0.47 տոկոսային կետով, իսկ միայն հունվար – մարտին` 0.3 տոկոսային կետով, եռամսյակոմ միջին հաշվով կազմելով 7.44%:
Մինչդեռ, միջբանկային շուկայում ռեպո-գործարքներով միջին եռամսյակային եկամտաբերությունը 2014-ի առաջին եռամսյակում 2013-ի 4-րդ եռամսյակի համեմատ նվազել է 0.6 տոկոսային կետով, իսկ միայն հունվար – մարտին` 0.34 տոկոսային կետով, եռամսյակոմ միջին հաշվով կազմելով 7,86%:
 
Կարճաժամկետ պետպարտատոմսերի եկամտաբերության կրճատման վրա, ԿԲ-ից բացի, ազդել է նաև ՀՀ ֆինանսների նախարարության պետական պարտքի կառավարման քաղաքականությունը: Այսպես, 1 տարով պետական պարտատոմսերի միջին եռամսյակային եկամտաբերությունն առաջին եռամսյակում նվազել է 0.68 տոկոսային կետով մինչեւ 7.98%: 
Երկրորդային շուկայում վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազումը հիմնականում ազդեց կարճաժամկետ պետական պարտատոմսերի վրա, իսկ միջնաժամկետ և  երկարաժամկետ պարտատոմսերով դիտվեց եկամտաբերության որոշակի աճ: Այսպես, երկարաժամկետ պարտատոմսերի եկամտաբերությունն աճեց 0.65 տոկոսային կետով, մինչև 11.6%: Միջնաժամկետ և երկարաժամկետ պետպարտատոմսերի միջև ճեղքվածքը կազմեց 3.48 տոկոսային կետ, եռամսյակում աճելով 0.5 տոկոսային կետով: 
Ըստ ԿԲ տվյալների, ռեպո գործարքների ընդհանուր ծավալը 2014-ի ապրիլի 1 - ին կազմել է 259.6 մլրդ դրամ, իսկ միջին եկամտաբերությունը` 8.3%, այդ թվում, միջբանկային ռեպո գործարքների ծավալը կազմել է 44.4 մլրդ դրամ, իսկ միջին եկամտաբերությունը`7.9%:
 
Հիշեցնենք, որ ՀՀ Կենտրոնական բանկը հունիսի 24-ին կրկին անգամ իջեցրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 7.25% - ից մինչև 7%: Նախորդ իջեցումները տեղի էին ունեցել մայիսի 13 –ին` 7.5% - ից մինչև 7.25%: Իսկ ավելի վաղ վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցվել էր այս տարվա փետրվարի 11-ին` 7.75% -ից մինչև 7.5%, իսկ մինչ այդ` 2013-ի դեկտեմբերի 24-ին`8% - ից մինչև 7.75%:  Մինչ այդ վերաֆինանսավորման տոկոսադրույքի իջեցում տեղի էր ունեցել նոյեմբերի 12-ին` 8.5% - ից մինչեւ 8%: