Չորեքշաբթի, 16 Հուլիսի 2014 18:37
ԱՀԸ 11-րդ թողարկման պարտատոմսերը ցուցակվել են բորսայում
ԱրմԻնֆո. 2014թ. հուլիսի 11-ին «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի անվանական արժեկտրոնային պարտատոմսերի 11րդ թողարկումը ցուցակվեց ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում, ընգրկելով հիմնական Abond ցուցակում: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Ընկերության գործադիր տնօրեն Մհեր Եդիգարյանը:
Նա նշել է, որ հերթական անգամ Ընկերության կորպորատիվ պարտատոմսերի մարկետ-մեյքերն է Արմսվիսբանկը: ԱՀԸ մարկետ-մեյքերի կարգավիճակում Արմսվիսբանկը կիրականացնի երկիկողմ գնանշումները, ապահովելով պարտատոմսերի իրացվելիությունը երկրորդային շուկայում:
Նա նշել է, որ Ազգային Հիփոթեքային Ընկերության 1,2 մլրդ ՀՀ դրամ ընդանուր ծավալով, 10,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, 60 ամիս մարման ժամկետով, արժեկտրոնի 12% եկամտաբերությամբ այս պարտատոմսերը շրջանառվելու են Բորսայում NMCCB2B հապավմամբ, ինչպես նաև թույլատրվելու են հասցեական և ՌԵՊՈ գործարքների կնքմանը: Հիշեցնենք, որ ս.թ. հունիսի 27-ին ընկերության պարտատոմսերը տեղեբաշխվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի տեղաբաշխման հարթակում: Պարտատոմսերի համար ներկայացված գնման հայտերի ընդհանուր գումարը (ընդհանուր պահանջարկը) կազմել է 2,597,801,450 ՀՀ դրամ: Պարտատոմսերն ամբողջությամբ տեղաբաշխվել են, որի արդյունքում Ընկերության ներգրավել է 1,207,800,730 ՀՀ դրամ: Տեղաբաշխված արժեթղթերի կտրման գինը կազմել է 10,000.08 ՀՀ դրամ: Միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 11.824%, իսկ կտրման եկամտաբերությունը՝ 11.9998%:
Նա նաև նշել է, որ այս թողարկումը ԱՀԸ ՎՎԿ պարտատոմսերի թողարկումներից երկրորդն է, որն ընգրկվել է հիմնական Abond ցուցակում, ներկայումս ընկերության կորպորատիվ պարտատոմսերի ևս երկու թողարկումներ թույլատրված են առևտրին և շրջանառվում են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի պարտատոմսերի ազատ շուկայում: Պարտատոմսերի տեղաբաշխումից ստացված միջոցները կուղղվեն ֆիզիկական անձանց վարկերի վերաֆինանսավորմանը, ԱՀԸ և Ֆրանսիական Զարգացման գործակալության բնակարանների միկրովարկավորման և էներգաարդյունավետության համատեղ ծրագրի շրջանակներում: Ծրագրի շրջանակներում կտրամադրվեն 2 տեսակի վարկեր: Առաջինը` միկրո- և փոքր վարկերն են` 500-4000 եվրո գումարով, 5 տարի մարման և 1 տարի արտոնյալ ժամկետներով: Վարկերը կտրամադրվեն բնակարանների վերանորոգման նպատակով, ընդ որում, վարկային միջոցների 50%-ը կուղղվի բնակարանների էներգաարդյունավետության բարձրացմանը, 10%-ը կտրամադրվի դրամաշնորհի տեսքով և այդ գումարի չափով կնվազեցվի վարկի ընթացիկ մնացորդը: Վարկերի երկրորդ տեսակը կտրամադրվի 4001-10000 եվրո գումարով` բնակարանների վերանորոգմանը և էներգաարդյունավետության բարձրացմանը: Վարկի նվազագույն ժամկետը կկազմի 10 տարի` 2 տարի արտոնյալ ժամկետով: Եթե բնակարանի էներգաարդյունավետությունը բարձրանա 40%-ով, ապա վարկառուն կստանա վարկի 5%-ի չափով դրամաշնորհ, և այդ գումարով կնվազեցվի վարկի ընթացիկ մնացորդը:
Մամուլի ասուլիսին ներկա` Բորսայի ղեկավար Կոնստանտին Սարոյաննն էլ իր հերթին է նշել, որ հայ թողարկողները, ի դեմս ԱՀԸ-ի, դուրս են եկել նոր մակարդակ և ամբողջովին փոխել իրենց գործունեության ռազմավարությունը, թողարկելով ավելի երկարաժամկետ պարտատոմսեր, որոնք արդեն շրջանառվում են Abond կատեգորիայով: Նա ասել է, որ Ընկերության առաջին 9 տրանշերի պարտատոմսերը եղել են կարճաժամկետ: «Ներկայումս ԱՀԸ-ն հանդիսանում է Հայաստանի կապիտալի շուկայի ամենաակտիվ թողարկողը, որը թողարկումների քանակով առաջատար դիրքեր է զբաղեցնում հայկական ընկերությունների շարքում»,-ընդգծել է Կ.Սարոյանը:
Իր հերթին, Արմսվիսբանկի գործադիր տնօրենի տեղակալ և ներդրումների դեպարտամենտի ղեկավար Կարեն Տուրյանը նշել է, որ բանկն արդեն 5-րդ անգամ է ստանում ԱՀԸ-ի միջնաժամկետ պարտատոմսերի մարկետ-մեյքերի կարգավիճակ: «Տեղաբաշխումը բավականին հաջող էր, և պարտատոմսերը զգալի պահանջարկ ունեն ինչպես առաջնային, այնպես էլ երկրորդային շուկաներում»,-գտնում է նա:
Նշենք, որ «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպություն Փակ Բաժնետիրական Ընկերությունը գրանցվել և լիզենզավորվել է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի հոկտեմբերի 19-ի թիվ 1/1167 Ա որոշմամբ (գրանցման վկայականի համարը` թիվ 26, 16.06.2009թ վարկային գործունեության լիցենզիա թիվ 26): Ընկերության միակ հիմադիրն ու բաժնետերը հանդիսանում է ՀՀ կենտրոնական բանկը:
Հիշեցնենք, որ Արմսվիսբանկը հանդիսանում է նաև «Արցախ ՀԷԿ» ընկերության բաժնետոմսերի մարկետ-մեյքերը: Արմսվիսբանկը հիմնադրվել է 2004 թվականի հոկտեմբերի 7-ին, որի հիմնադիրն է Franck Muller Watchland ժամացույցների հանրահայտ գործարանի սեփականատեր Վարդան Սիրմակեսը`80%, ինչպես նաև Belegingsmachepij Jongo" LLC ընկերությունը` 20%: