Հինգշաբթի, 3 Հուլիսի 2014 15:19
mConverse` առաջին մոբայլ բանկը Հայաստանում, ինչը լուրջ խթան է էլեկտրոնային կոմերցիայի զարգացման համար
ԱրմԻնֆո. Մեկնարկեց Digitec Բիզնես Ֆորում 2014-ը, որտեղ Կոնվերս Բանկը ներկայացրեց ՏՏ կողմնորոշվածություն ունեցող մի շարք նոր պրոդուկտներ և ծառայություններ: Դրանք են առցանց գնումների և վճարումների համար նախատեսված Visa Virtual քարտը, էլեկտրոնային առևտուրը հայաստանյան ընկերությունների համար ավելի բաց և հեշտ դարձնող eCommerce համակարգն ու տարվա ամենասպասված և կարևոր ՏՏ նորությունը՝ առաջին մոբայլ բանկ հավելվածը Հայաստանում:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, mConverse-ը մոբայլ բանկային գործարքներ և մոբայլ առևտուր կատարելու բոլորովին նոր համակարգ է՝ նախատեսված Կոնվերս Բանկի հաճախորդների համար: mConverse համակարգի միջոցով կարելի է կառավարել հաշիվները Կոնվերս Բանկում, իրականացնել փոխանցումներ, ստուգել արտարժույթի փոխարժեքներն ու կատարել կոմունալ վճարումներ: Այս ամենի համար հատուկ ստեղծվել է պարզ և ինտուիտիվ հարմար ինտերֆեյս, որի շնորհիվ բոլոր գործարքները կատարվում են առավել արագ: mConverse հավելվածը iOS կամ Android սմարտֆոնին բեռնելուց և հավելվածում գրանցվելուց հետո այն կարելի է օգտագործել նաև համակարգչից:
Աղբյուրի համաձայն, mConverse մոբայլ հավելվածը նոր էջ է առցանց վճարումների պատմության մեջ: Շնորհիվ mConverse-ի կարելի է վճարել գնված ապրանքների և ստացած վճարումների դիմաց՝ օգտագործելով ընդամենը սմարտֆոնն ու մոբայլ հավելվածը: Վճարումները հնարավոր է կատարել ցանկացած տեղում և ցանկացած ժամանակ:
Նշվում է նաև, որ mConverse-ը լուրջ խթան է Հայաստանի գործարարների համար: Այժմ վաճառակետերը նույնպես կարող են օգտվել mConverse մոբայլ բանկ համակարգից՝ վճարումներն ընդունելու և վճարման հանձնարարականները (payment order) հաճախորդի հենց հավելվածին ուղարկելու համար: Հանձնարարականը կարելի է ուղարկել բջջային հեռախոսահամարով, mConverse-ում յուրաքանչյուր օգտատիրոջ համար գեներացվող QR կոդը սքան անելով կամ NFC անլար կապի միջոցով: Գումարը կփոխանցվի վաճառողի Կոնվերս Բանկում բացված հաշվին՝ վճարման հանձնարարականը գնորդի կողմից հաստատելուց անմիջապես հետո:
Նշենք, որ բացի մոբայլ բանկի գլխավոր ֆունկցիաներից mConverse-ով հնարավոր է տեղեկանալ արտարժույթի փոխարժեքներից և մոտակայքում եղած Կոնվերս Բանկի մասնաճյուղերից և բանկոմատերից՝ քարտեզի վրա: mConverse համակարգը կիրառում է վերջին սերնդի շարժական կապի և ինտերնետ անվտանգության ստանդարտները՝ հավասարապես պաշտպանելու գործարք կատարող երկու կողմերին: Այս համակարգը հիմնված է DOOCAT մոբայլ բանկ և մոբայլ առևտուր սպասարկող պլատֆորմի վրա, որը նախագծվել և մշակվել է Gallery Systems ընկերության կողմից:
Նշենք, որ Կոնվերս Բանկը հիմնադրվել է 1993 թվականին: Բանկի բաժնետերերն են` « Advanced Global Investments» ընկերությունը` 95% և Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցին, ի դեմս Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի` 5%: Բանկն ունի 35 մասնաճյուղ, որոնց մեծ մասը գտնվում է շրջաններում: