Երեքշաբթի, 12 Օգոստոսի 2014 18:23
Վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցվել է 0.25 տոկոսային կետովª սահմանվելով 6.75 տոկոս
ԱրմԻնֆո. 2014 թ. օգոստոսի 12-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետովª սահմանելով 6.75%:
Աղբյուրի համաձայն, 2014 թ. հուլիսին արձանագրվել է 0.9% գնանկումª նախորդ տարվա նույն ամսվա 0.4% գնաճի դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճը նվազել էª կազմելով 0.4%: Խորհուրդը կարծում է, որ 12-ամսյա գնաճն առաջիկա ամիսներին աստիճանաբար կաճի և 2015 թ. առաջին եռամսյակից կկայունանա իր նպատակային ցուցանիշի շրջակայքում:
Խորհուրդն արձանագրում է, որ աշխարհաքաղաքական զարգացումների ներքո արտաքին հատվածում ավելացել են անորոշություններըª կապված գործընկեր երկրների տնտեսական հեռանկարների հետ, այդուհանդերձ արտաքին հատվածից էական գնաճային ճնշումներ չեն ակնկալվում:
Խորհուրդը գնահատում է, որ 2014 թ. երկրորդ եռամսյակում պահպանվել է ներքին և արտաքին թույլ պահանջարկը, որը նպաստել է գնաճի ցածր մակարդակի ձևավորմանը: Օգոստոսից էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը և չորրորդ եռամսյակից մի շարք ապրանքատեսակների գծով դրոշմապիտակների ներդրումը որոշ չափով կընդլայնի գնաճային միջավայրը, այնուամենայնիվ, կարճաժամկետ հատվածում 12-ամսյա գնաճը դեռևս կմնա ցածր մակարդակումª տարեվերջին գտնվելով նպատակային ցուցանիշի տատանումների թույլատրելի միջակայքի ստորին սահմանին մոտ: Դրամավարկային պայմանների թուլացումըª զուգորդվելով 2014 թ. երկրորդ կեսից սպասվող ընդլայնողական հարկաբյուջետային քաղաքականությամբ, կհանգեցնի համախառն պահանջարկի ընդլայնմանն ու գնաճի տեմպերի վերականգնմանը 2015 թ-ի ընթացքում:
Այդուհանդերձ, ԿԲ խորհուրդը համակարծիք է, որ արտաքին և ներքին տնտեսական հետագա զարգացումներից ելնելով հնարավոր են ճշգրտումներ դրամավարկային քաղաքականության ուղղություններումª ապահովելով գնաճի նպատակի իրագործումը կանխատեսվող հորիզոնում:
Լոմբարդային ռեպոների և ներգրավված միջոցների տոկոսադրույքները սահմանվել են համապատասխանաբար 8.25% և 5.25%:
Նշենք, որ 2014 թվականին մեգակարգավորողը վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցնելու վերաբերյալ որոշում է կայացնում արդեն չորրորդ անգամ: Վերաֆինանսավորման տոկոսադրույքի նախորդ իջեցումը տեղի է ունեցել հունիսի 24-ին` 7,25%-ից մինչև 7% /Միաժամանակ լոմբարդային ռեպոների և ներգրավված միջոցների տոկոսադրույքները սահմանվել են համապատասխանաբար 8.5% և 5.5%/: Մինչ այդ վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցվել է մայիսի 13-ին` 7,5%-ից մինչև 7,25% /լոմբարդային ռեպոների և ներգրավված միջոցների տոկոսադրույքները սահմանվել են համապատասխանաբար 8.75% և 5.75%/: Առաջին անգամ ընթացիկ տարում վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցվել է փետրվարի 11-ին`7,75% -ից մինչև 7,5%, իսկ լոմբարդային ռեպոների և ներգրավված միջոցների տոկոսադրույքները իջեցվել են համապատասխանաբար 9,25% և 6,25%-ից մինչև 9% և 6%: