Ուրբաթ, 12 Սեպտեմբերի 2014 18:49
Կանոնադրական կապիտալի համալրումն Անելիք Բանկին թույլ կտա ավելի հավակնոտ հեռանկարային ծրագրեր իրականացնել
ԱրմԻնֆո. «Անելիք Բանկ» ՓԲԸ բաժնետեր լիբանանյան «Կրեդիտ Բանկ Ս.Ա.Լ.»-ն Անելիք Բանկի կանոնադրական կապիտալն ավելացրել է 1 մլրդ. ՀՀ դրամով: Բաժնետիրոջ կողմից կանոնադրական կապիտալի ավելացման վերաբերյալ որոշումը կայացվել է դեռևս ընթացիկ տարվա մայիս ամսին:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից,
նշված միջոցներն ուղղվելու են Բանկի ռազմավարական ծրագրի իրականացմանը, զարգացման տեմպերի պահպանմանը, ինչպես նաև մատուցվող ծառայությունների փաթեթի ավելացմանը:
«Կանոնադրական կապիտալի ավելացումը հնարավորություն կտա Անելիք Բանկին իրականացնել առավել լայնածավալ և դիվերսիֆիկացված վարկավորում, ընդլայնել մատուցվող ծառայությունների տեսականին` ներգրավելով նոր հաճախորդներ, ինչպես նաև ընդլայնել մասնաճյուղերի ցանցը: Ունենալով Լիբանանի խոշորագույն բանկերից մեկի` Կրեդիտ Բանկի, աջակցությունը` վստահ եմ, որ մենք կավելացնենք մեր ձեռքբերումները և կկարողանանք առավել հավակնոտ հեռանկարային ծրագրեր իրականացնել»,- նշեց «Անելիք Բանկ» ՓԲԸ Վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանը:
Նշենք, որ Անելիք բանկն ունի 13 մասնաճյուղ, որից 6 –ը գտնվում է ՀՀ մարզերում: Բանկի ընդհանուր կապիտալը 2014 թվականի հուլիսի 1-ին կազմել է 12.3 մլրդ դրամ, ակտիվները կազմել են 69.2 մլրդ դրամ, վարկային ներդրումները` 47,4 մլրդ դրամ (բանկի ակտիվների 68.5%-ը), պարտավորությունները` 56.9 մլրդ դրամ: Վերջիններիս կառուցվածքում ժամկետային ավանդների ծավալը կազմել է 56.9% կամ 32.4 մլրդ դրամ, որտեղ ավելի քան 85%-ը ֆիզիկական անձանց միջոցներն են: 2009 թվականի փետրվարից Անելիք Բանկի բաժնետերն է Լիբանանի CreditBank S.A.L. բանկը, որը 2013-ի հոկտեմբերին դարձավ բանկի միակ սեփակատերը: Այդ ժամանակից էլ բանկն անցավ նոր ռազմավարության, առաջնահերթությունները դնելով մանրածախ ծառայությունների և ՓՄՁ վարկավորման վրա: Մոսկովյան «ԱնելիքՌու» բանկը նույնպես 2012-ին օտարվել էր, որի նկատմամբ սեփականության իրավունքները նույնպես փոխանցվել են լիբանանյան բանկին: