Հինգշաբթի, 18 Սեպտեմբերի 2014 16:22
ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնում է համագործակցությունը «Սպայկա» ընկերության հետ
ԱրմԻնֆո. ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնում է համագործակցությունը «Սպայկա» ՍՊԸ հետ, որը զբաղեցնում է առաջատար դիրք ՀՀ միջազգային ավտոփոխադրումների շուկայում: Բանկի և ընկերության համագործակցությունը սկսվել է 2012թ., իսկ 2013թ. մարտին ՎՏԲ-Հայաստան Բանկը կատարել է միջազգային ֆակտորինգի առաջին գործարքը ՎՏԲ Ֆակտորինգի (ՎՏԲ խումբ) հետ համատեղ, որի շրջանակում ընկերության համար բացվել է 7 մլն ԱՄՆ դոլարի վարկային սահմանաչափ:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի լրատվական ծառայությունից,
որպես արգասաբեր ու շարունակական համագործակցության խորհրդանիշ ընկերության 114 բեռնատար ավտոմեքենաների կողմային պատերին առկա է բանկի տարբերանշանը և «Ֆինանսական գործընկեր` ՎՏԲ-Հայաստան Բանկ» գրվածքը:
«Սպայկա» միջազգային փոխադրումների ընկերությունն իրականացնում է բեռնափոխադրումներ Հայաստանից Ռուսաստան, ԱՊՀ երկրներ ու Եվրոպա, զբաղվում է փրփրած պոլիստիրոլից պրոդուկտների արտադրանքով ու փաթեթավորման նյութերի արտադրմամբ, թարմ մրգերի ու բանջարեղենի արտահանմամբ, պահածոների արտադրանքով ու բաշխմամբ:
«Միջազգային շուկայում ՎՏԲ խմբի բարձր վարկանիշն ու խմբի ներսում հաջող համագործակցությունը նպաստում է արտահանմամբ զբաղվող հաճախորդներին համար լավագույն պայմաններ ապահովելուն, ինչն էլ իր հերթին հնարավորություն է տալիս ավելացնելու Հայաստանի և այլ երկրների միջև ապրանքաշրջանառությունը: ՎՏԲ տարբերանշանի առկայությունը «Սպայկա» ընկերության բեռնատար ավտոմեքենաների վրա ընդգծում է հաճախորդի հետ ունեցած գործընկերային հարաբերությունները և ծառայում է մեր բանկի` որպես ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի վստահելի մասնակցի իմիջի ամրապնդմանը»,-ասել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յու. Գուսևը:
«Մեր ընկերությունն արդեն մի քանի տարի է օգտվում է ՎՏԲ-Հայաստան Բանկի ծառայություններից: Այս ընթացքում մենք համոզվել ենք, որ բանկը վստահելի գործընկեր է, որը ձգտում է երկարաժամկետ ու սերտ հարաբերություններ ունենալ իր հաճախորդների հետ: Մենք ամրապնդելու և զարգացնելու ենք մեր համագործակցությունը, որը հիմնված է պրոֆեսիոնալիզմի և համագործակցության բարձր մակարդակի վրա»,-նշել է «Սպայկա» ՍՊԸ գլխավոր տնօրեն Դավիթ Ղազարյան:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ զրույցում հայտարարել է «Սպայկա» ընկերության զարգացման դեպարտամենտի ղեկավար Կարեն Բաղդասարյանը, ներկա սեզոնում (հունիս ամսից) ընկերությունն արտահանել է 4 հազար տոննա բանջարեղեն և կարտոֆիլ, որից 2 հազար տոննա թարմ կարտոֆիլ, ինչը նախաձեռնվել էր ընկերության արտահանումային նոր դիրքով: Մինչև տարեվերջ ընկերությունը պատրաստվում է բանջարեղենի արտահանումը հասցնել 10 հազար տոննայի, մրգերի արտահանումը` 80 հազար տոննայի: Ընկերության արտահանումային տեսականու մեջ տեղ է գտել նաև թարմ սունկը, որի արտահանման ծավալը կկազմի մոտ 1 հազար տոննա, ինչպես նաև բողկը, որի արտահանման ծավալը կկազմի 9 հազար տոննա, ջերմոցային պրոդուկտներինը կկազմի 3 հազար տոննա, խաղողինը`10 հազար տոննա, խնձորինը` 10 հազար տոննա, կաղամբինը` 12 հազար տոննա և այլն: Բաղդասարյանի խոսքով, ընկերությունն իր գործունեության արտահանումային կողմնորոշումը զարգացնելու նպատակով մինչև տարեվերջ նախատեսում է ավտոպարկը մեծացնել 30%-ով:
Նշենք, որ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: