Երկուշաբթի, 1 Սեպտեմբերի 2014 17:43
ՎՏԲ-Հայաստան Բանկի շնորհիվ ՌԴ պաշտպանության նախարարության №21 դպրոցի սաները մաթեմատիկայի դասերը կանցկացնեն վերանորոգված ու վերազինված դասասենյակում
ԱրմԻնֆո. ՎՏԲ-Հայաստան Բանկը նոր ուսումնական տարվան ընդառաջ №21 Դաշնային պետական կրթական հաստատությունում` ՌԴ պաշտպանության նախարարության հանրակրթական միջնակարգ դպրոցում (ք. Երևան, Քանաքեռ վարչական շրջան) իրականացրել է մաթեմատիկայի դասասենյակի կապիտալ վերանորոգում: Դպրոցին նվիրաբերվել է կոմպյուտերային տեխնիկա և մուլտիմեդիապրոյեկտոր: Մաթեմատիկայի դասասենյակը նախատեսված է միջին ու բարձր դասարանների աշակերտների համար:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից,
ուսումնական տարվա բացմանը ներկա էին ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը, ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսևը: Հյուրերը շնորհավորեցին երեխաներին Գիտելիքի օրվա կապակցությամբ` ցանկանալով հաջող ուսումնական տարի, շրջեցին դպրոցի բոլոր մասնաշենքերում, այդ թվում նաև` դպրոցի հին մասնաշենքում:
«Ինչպես կարծում էր Դեմոկրիտոսը, «դաստիարակման և ուսուցման գործընթացը դժվարին, բայց շնորհակալ գործ է, որը վերափոխում է մարդու բնությունը»: Հուսով եմ, որ նորացված դասասենյակում աշխատելն ավելի հեշտ և ուրախ կլինի, իսկ մաթեմատիկայի պես ոչ հասարակ, բայց կարևոր գիտության ուսումնասիրումը կդառնա աշակերտների համար հաճելի զբաղմունք, որի ընթացքում երեխաները կարող են իմանալ շատ նոր բաներ աշխարհի մասին, չէ որ, ինչպես ասել է հայտնի գիտնական ու փիլիսոփա Ռոջեր Բեկոնը, «մեր աշխարհի կառուցվածքը անհնար է ընկալել առանց մաթեմատիկա իմանալու»: Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել ՎՏԲ-Հայաստան Բանկի ղեկավարությանը, այն մարդկանց, որոնք կյանքի են կոչել մտածվածը»,-ասել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը:
«Մեզ հաճելի է նման նվեր մատուցել դպրոցին նոր ուսումնական տարվա սկզբին: Երեխաները հնարավորություն ստացան դասերն անցկացնելու վերանորոգված լուսավոր դասասենյակում, որը վերազինվել է ողջ անհրաժեշտ տեխնիկայով: Բանկը առաջին տարին չէ, որ աջակցում է ՌԴ №21 պաշտպանության նախարարության դպրոցին: Բանկի ուժերով կոմպյուտերային տեխնիկայով վերազինվել է նաև ինֆորմատիկայի դասասենյակը, վերանորոգվել են և վերազինվել ռուսաց լեզվի երկու դասասենյակ: Կարծում եմ, այս ավանդույթը կշարունակվի հետագայում նույնպես»,-նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսևը:
ՌԴ ՊՆ թիվ 21 միջնակարգ հանրակրթական դպրոցը բացվել է 1994թ. սեպտեմբերի 1-ին, Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության կողմից, Հայաստանի տարածքում ՌԴ ԶՈՒ մարտական վարչությանը կից ՌԴ ԶՈՒ զինծառայողների երեխաների կրթության համար:
Դպրոցն ունի բարեկարգ դասարաններ, մարմնամարզության ու միջոցառումների դահլիճ, ֆիզիկայի և քիմիայի լաբորատորիաներ, արվեստանոցներ, համակարգչային դասարաններ, ինտերակտիվ ուսուցման դասասենյակ: Դպրոցում ուսանում է 470 աշակերտ:
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: