Երեքշաբթի, 23 Սեպտեմբերի 2014 18:12
ՀՀ Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողեց անփոփոխ՝ 6.75%
ԱրմԻնֆո. 2014 թ. սեպտեմբերի 23-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնել անփոփոխ՝ 6.75%: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի լրատվական ծառայությունից:
Աղբյուրի համաձայն, 2014 թ. օգոստոսին արձանագրվել է 0.7% գնաճ՝ նախորդ տարվա նույն ամսվա 0.3% գնաճի դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճը որոշ չափով ավելացել է՝ օգոստոսի վերջին կազմելով 0.8%: Խորհուրդը կարծում է, որ առաջիկա ամիսներին գնաճային միջավայրը կշարունակի ընդլայնվել և 2015 թ. առաջին կիսամյակում կկայունանա իր նպատակային ցուցանիշի շրջակայքում:
Արտաքին պահանջարկը վերականգնվում է դանդաղ տեմպերով, մինչդեռ ապրանքահումքային շուկաներում առաջարկի ավելացման գործոնների ներքո նկատվում են որոշակի գնանկումային ճնշումներ՝ հատկապես էներգակիրների և հացահատիկի մասով: Այնուամենայնիվ, Խորհուրդն արձանագրում է, որ արտաքին հատվածում աշխարհաքաղաքական զարգացումների ներքո դեռևս պահպանվում են էական անորոշությունները՝ կապված գործընկեր երկրների տնտեսական հեռանկարների և ապրանքահումքային շուկաների հետ:
2014 թ. երրորդ եռամսյակում դիտվել է տնտեսական ակտիվության որոշակի ավելացում, սակայն տնտեսական աճի մակարդակը շարունակում է ցածր մնալ: Չնայած արտաքին և ներքին տնտեսություններում պահպանվող ցածր պահանջարկին, ԿԲ խորհուրդը միակարծիք է, որ մինչ օրս ԿԲ կողմից իրականացված դրամավարկային պայմանների շարունակական թուլացումը բավարար է, որպեսզի զուգորդվելով 2014 թ. երկրորդ կիսամյակում սպասվող ընդլայնողական հարկաբյուջետային քաղաքականության և չորրորդ եռամսյակից մի շարք ապրանքատեսակների գծով դրոշմապիտակների ներդրման հետ, կարճաժամկետում հանգեցնի համախառն պահանջարկի ընդլայնմանն ու գնաճի տեմպերի վերականգնմանը: Արդյունքում, 2014 թ. չորրորդ և 2015 թ. առաջին եռամսյակներում 12-ամսյա գնաճն աստիճանաբար կավելանա՝ մոտենալով նպատակային ցուցանիշին և մինչև կանխատեսվող հորիզոնի վերջ պահպանվելով դրա շրջակայքում:
Միջնաժամկետ հատվածում արտաքին և ներքին տնտեսական հետագա զարգացումներին համահունչ ԿԲ-ն կճշգրտի դրամավարկային քաղաքականության ուղղությունները՝ ապահովելով այդ ժամանակահատվածում գնաճի նպատակի իրագործումը:
Տոկոսադրույքի մակարդակի որոշման հիմքում ընկած մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ հոկտեմբերի 3-ին հրապարակվելիք Մամլո հաղորդագրությունում (Տոկոսադրույքի արձանագրություն):
Նշենք, որ 2014 թվականին մեգառեգուլյատորը 4 անգամ ընդունել է վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցնելու մասին որոշում: Օգոստոսի 12-ին այն 7%-ից իջեցվեց մինչև 6.75% (այդ ժամանակ լոմբարդային ՌԵՊՈ դրույքները սահմանվեցին` 8.25%, իսկ ներգրավված ավանդներինը` 5.25%), մինչ այդ, հունիսի 24-ին 7.25%-ից իջեցվեց մինչև 7% (իսկ լոմբարդային ՌԵՊՈ դրույքները 8.75%-ից իջեցվեցին մինչև 8.5%, իսկ ներգրավված ավանդներինը` 5.75%-ից մինչև 5.5%): Մինչ այդ վերաֆինանսավորման տոկոսադրույքը մայիսի 13-ին 7.5%-ից իջեցվեց մինչև 7.25% (լոմբարդային ՌԵՊՈ դրույքները և ներգրավված ավանդների տոկոսադրուքները համապատասխանաբար նվազեցվեցին մինչև8.75% և 5.75%): Իսկ այս տարվա փետրվարի 11-ին վերաֆինանսավորման տոկոսադրույքը 7.75%-ի իջեցվեց մինչև 7.5%, իսկ լոմբարդային ՌԵՊՈ դրույքները և ներգրավված ավանդների տոկոսադրույքները 9.25%-ից և 6.25%-ից իջեցվեցին մինչև` համապատասխանաբար 9% և 6%: