Չորեքշաբթի, 1 Հոկտեմբերի 2014 16:26
Երևանում տեղի կունենա ՄՄԱԱ Բանկային Միջազգային Կոնֆերանսը
ԱրմԻնֆո. Երևանում տեղի կունենա Մոսկվայի Միջազգային Արժութային Ասոցիացիայի (ՄՄԱԱ) կողմից կազմակերպված Բանկային Միջազգային Կոնֆերանսը:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՄՄԱԱ-ից, կոնֆերանսի թեման է. «Բանկերը փոփոխությունների ժամանակաշրջանում. նոր մարտահրավերներ, նոր փորձություններ, նոր հնարավորություններ»: Կոնֆերանսին մասնակցելու նպատակով հրավիրված են Ռուսաստանի և այլ երկրների պետական կարգավորիչ մարմինների ներկայացուցիչներ, բորսաների, ֆինանսական, բրոքերական և ներդրումային կազմակերպությունների, FX&MM TOP-մենեջերներ, գանձապետական բաժանմունքների ղեկավարներ և աշխատակիցներ, թղթակցային հարաբերությունների կառավարիչներ, ֆինանսական ինստիտուտների ներկայացուցիչներ, դիլերներ, փորձագետներ և վերլուծաբաններ:
Բանավեճերի թեմաներն են` միջբանկային ֆինանսական շուկայի կարգավորման և ենթակառուցվածքների զարգացումը (FX&MM, ժամկետային պայմանագրերով առևտուր, ՌԵՊՈ գործառնություններ, երկարաժամկետ պարտավորություների շուկայի գործիքներ, նորագույն էլեկտրոնային համակարգերի և տեխնոլոգիաների կիրառում, տրանսսահմանային գործառնություններ, դրամական փոխանցումներ և այլն):
Կոնֆերանսի մասնակիցները կքնարկեն համաշխարհային ֆինանսական շուկայի և դրա հատվածների (ազգային շուկաների) զարգացման կանխատեսումները, կարգավորման ոլորտի ինովացիաները, կծանոթանան Եվրամիության և Ռուսաստանի բանկերի փոխհարաբերությունների հետևանքով ստեղծված իրավիճակի վերլուծությանը, կծանոթանան նաև ռուսաստանյան դրամական շուկայի առանձնահատկություններին` իրականացվող դրամավարկային քաղաքականության համատեքստում, կքննարկեն նաև ռուսաստանյան բանկերի ռեսուրսային բազայի պրոբլեմները ներկայից իրավիճակում, ինչպես նաև շատ այլ թեմաներ: