
ԱրմԻնֆո. Հայաստանի համար Եվրասիական տնտեսական միությանը միանալը նոր հնարավորություններ կստեղծի և կհայտնվեն նոր առավելություններ, որոնց պետք է լինել պատրաստ: Հոկտեմբերի 2-ին նման կարծիք է արտահայտել Հայաստանի Բանկերի միության նախագահ Սամվել Ճզմաչյանը, Երևանում մեկնարկած ՄԲԿ-2014 Միջազգային բանկային կոնֆերանսի շրջանակներում:
«Օրինակ, մի քանի ամիս առաջ հայտնի դարձավ ռուսաստանյան արժութային շուկայում ինտեգրացիոն նոր նախագծի գործարկման մասին: Մոսկովյան բորսան եվրասիական տարածաշրջանի բանկերի համար բացեց գործարքներին մասնակցելու հնարավորություն, ընդ որում, դրա համար պարտադիր չէ, որ նրանք ունենան ռուսաստանյան արժութային լիցենզիա, քանի որ գործարքների իրականացման համար բավական կլինի ազգային ռեգուլյատորի լիցենզիան»,-հիշեցրել է ՀԲՄ ղեկավարն իր բացման խոսքում: Նման պայմաներում, շարունակել է նա, բանկերի համար, որոնք զրկված են արևմտյան շուկաներում իրենց ազատ միջոցները տեղաբաշխելու հնարավորությունից, կարող են գրավիչ դառնալ, այդ թվում նաև Հայաստանում, կատարվելիք ներդրումները, իսկ մյուս կողմից, հայկական ֆինանսական կառույցները կստանան ՌԴ կապիտալի շուկայում իրենց գործունեությունն ակտիվացնելու հնարավորություն: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 1-ին ՌԴ նախագահը հանձնարարեց ստորագրել Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցման մասին պայմանագիրը: Հոկտեմբերի 10-ին Մինսկում մասնակից երկրների նախագահները կքննարկեն ԵԱՏՄ-ին Հայաստանի միանալու մեխանիզմները, ինչպես նաև Հայաստանի և Ղրղզստանի միանալու հարցը: Նշենք, որ հոկտեմբերի 1-ին Երևանում մեկնարկեց բանկային հերթական միջազգային կոնֆերանսը` ՄԲԿ-2014-ը, որը կազմակերպել է Մոսկվային միջազգային արժութային ասոցիացիան (ՄՄԱԱ): Աշնանային ավանդական կոնֆերանսի թեման այս անգամ կլինի`«Բանկերը փոփոխությունների դարաշրջանում. նոր մարտահրավերներ, նոր փորձություններ, նոր հնարավորություններ»: Կոնֆերանսի պաշտոնական հովանավորն է «ԲԲՌ Բանկ» ՓԲԸ-ն: Կոնֆերանսը կընթանա մինչև հոկտեմբերի 4-ը: