Հինգշաբթի, 9 Հոկտեմբերի 2014 19:06
Ռուբեն Վարդանյան. Համախմբումն անխուսափելի է. հայկական բանկերը պետք է խոշորանան
ԱրմԻնֆո. Հայկական բանկերի համախմբումն, անշուշտ, մոտ ժամանակներս անխուսափելի կդառնա, այսօր լրագրողների հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել ՙԱմերիաբանկի՚ Տնօրենների խորհրդի անդամ, գործարար Ռուբեն Վարդանյանը` մեկնաբանելով հարցը, թե ինչպիսին կլինի հակառուսական պատժամիջոցների ազդեցությունը Հայաստանի բանկային համակարգի վրա:
ՙ21 բանկը Հայաստանի նման փոքր երկրի համար մեծ քանակ է: Եվ արդյունավետ աշխատելու և միջազգային չափանիշներին համապատասխանելու համար հայկական բանկերը պետք է խոշորանան, ներդրումներ և բաժնետերեր ներգրավեն: Այնպես որ` համախմբումը հայկական բանկերի համար անխուսափելի է՚,- նշել է Ռ. Վարդանյանը: Ինչ վերաբերում է տոկոսադրույքների վրա ազդեցությանը, գործարարը նշել է, որ փողի արժեքը որոշվում է տարբեր գործոններով, և այս իմաստով Հայաստանը ևս կախված է համաշխարհային կոնյունկտուրայից և այն ամենից, ինչ տեղի է ունենում ԽՍՀՄ նախկին երկրներում, որոնք, այսպես թե այնպես, տնտեսական առումով սերտորեն կապված են միմյանց հետ: ՙԱյնուամենայնիվ, մենք ուղղակի կախվածություն չունենք, մենք գումար ստանալու հնարավորություն ունենք ոչ միայն ռուսական, այլ նաևª միջազգային ֆինանսական ինստիտուտներից: Այս առումով Հայաստանը լավ հնարավորություն ունի ճիշտ դրամավարկային քաղաքականության պայմաններում պահպանել տոկոսադրույքները նույն մակարդակի վրա՚,- ասել է Ռուբեն Վարդանյանը:
Անդրադառնալով Հայաստանի տնտեսության վրա ռուսական ռուբլու տատանման ազդեցությանը` նա ասել է. ՙՌուսաստանը Հայաստանի համար իրացման խոշորագույն շուկա է, խոշոր աշխատաշուկա մեր քաղաքացիների համար: Բնականաբար, այն ամենը, ինչ տեղի է ունենում Ռուսաստանում, անդրադառնում է Հայաստանի վրա, և այդ թվում` ռուբլու տատանումը, բայց դա, կրկնում եմ, ուղղակի կախվածություն չէ՚,- նշել է Ռ. Վարդանյանը: