Հինգշաբթի, 2 Հոկտեմբերի 2014 16:51
ՎՏԲ-Հայաստան Բանկն հաճախորդներին առաջարկում է բացել պետական աջակցության հաշիվ
ԱրմԻնֆո. ՎՏԲ-Հայաստան Բանկը կնքել է պայմանագիր աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ, ըստ որի` 2014թ. հոկտեմբերից ֆիզիկական անձանց առաջարկում է բացել հատուկ բանկային հաշիվ: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի լրատվական ծառայությունից, պետական աջակցության հաշիվը բացվում է 2014թ. հունվարի 1-ից հետո ծնված երրորդ և հաջորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստի (դրամագլխի) ստացման նպատակով:
Պետական աջակցության հաշիվը բացվում է նորածնի անունով ծնողի, հոգաբարձուի կամ որդեգրողի կողմից, ՀՀ դրամով, տարեկան 11% տոկոսադրույքով: Հաշվի վրա կուտակված գումարը երեխան կարող է տնօրինել 18 տարեկանը լրանալուց հետո: Իսկ մինչ երեխայի չափահասության տարիքը ծնողը/հոգաբարձուն/որդեգրողը կարող է տնoրինել հաշիվը հետևյալ կերպ. կատարել պետական աջակցության հաշվի ցանկացած չափի համալրումներ ցանկացած պարբերականությամբ` ավելացնելով դրամագլուխը մինչև երեխայի չափահաս դառնալը ոչ միայն ավելացված մայր գումարի հաշվին այլ նաև կուտակված տոկոսագումարների, կատարել անկանխիկ փոխանցումներ հիփոթեքով ապահովված վարկի տոկոսագումար վճարելու և մայր գումար մարելու համար, ուսման վարձավճարի մարման, ապահովագրական վճարների նպատակով, ստանալ քաղվածք հաշվից ցանկացած ժամանակ: Հաշվի բացումից 1 տարի հետո գումարի ամբողջական օգտագործման նպատակով հաշվի փակման դեպքում նշված 3 ուղղություններով փոխանցում կատարելիս բանկը կպահպանի/կփոխանցի նաև հաշվի վրա կուտակված տոկոսագումարները (տարեկան 11%):
Պետական աջակցության հաշվի բացման և սպասարկման մասին առավել մանրամասն տեղեկություն կարելի է ստանալ` զանգահարելով բանկի միասնական տեղեկատվական ծառայության 87-87 հեռախոսահամարով կամ այցելելով բանկի պաշտոնական կայք` www.vtb.am` «Հաշիվներ և վճարումներ» բաժին:
Նշենք, որ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: