Երեքշաբթի, 21 Հոկտեմբերի 2014 19:56
Ի.Կամխաձե. Visa քարտերով վայրընթաց միտումներ մենք չենք տեսնում, բոլոր միտումները վերընթաց են
ԱրմԻնֆո. Visa ընկերությունը Հայաստանի շուկայում արձանագրում է ոչ միայն աճի տեմպերի արագացում: Ինչպես հոկտեմբերի 21-ին պարզաբանել է Կովկասյան տարածաշրջանի երկրներում Visa տարածաշրջանային մենեջեր Իրինա Կամխաձեն, պատասխանելով ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հարցին, 2014 թվականի 2-րդ եռամսյակի ավարտին 2013-ի նույն ժամանակահատվածի համեմատ Visa քարտերով շրջանառության քանակն առևտրի ցանցերում աճել է 26%, ինչը գերազանցում է նախորդ տարիների ցուցանիշները: Visa քարտերով տրանսակցիաների թվի տարեկան աճը կազմել է 18%, ինչը նույնպես գերազանցում է նախորդ տարիների ցուցանիշները:
«Մեր վիճակագրության տվյալներով, աճի տեմպերը մնում են արագացված, այսինքն, վայրընթաց միտումներ չենք տեսնում, բոլոր միտումները վերընթաց են»,-նշել է Ի.Կամխաձեն:
Սակայն, որ ՀՀ Կենտրոնական բանկի տվյալներով, 2014 թվականի առաջին եռամսյակում Հայաստանի քարտային շուկայում արձանագրվել է Visa քարտերի շրջանառության 18.2% աճ, 2013-ի նույն ժամանակահատվածի 35.4%-ի փոխարեն: Մեկ տարի առաջ աճը կլազմել է 40%: 2013 թվականի արդյունքներով տեղական շուկայում շրջանառվող քարտերի թվի աճը կազմել է 25.3%, 2012-ի` 43.2%-ի և 2011-ի` մոտ 35%-ի համեմատ: Առաջին կիսամյակում Visa քարտերով տրանսակցիաների ծավալը կազմել է 258.1 մլրդ.դրամ, տարեկան աճը`1.3%, նախորդ տարվա 40% աճի փոխարեն: Տրանսակցիաների թիվը 2014-ի առաջին կիսամյակում 2013-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 22.5%, մինչև 4.9 մլն., նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 30% աճի փոխարեն: Պլաստիկ տրանսակցիաների ընդհանուր ծավալներում Visa-ի մասնաբաժինն առաջին կիսամյակում կազմել է մոտ 47%, նախորդ տարվա 57%-ի փոխարեն:
Նշենք, որ Visa-ն հանդիսանում է գլոբալ վճարային համակարգ, որը աշխարհի ավելի քան 200 երկրների քարտապաններին, առևտրասպասարկման ձեռնարկություններին, ֆինանսական և կառավարական հաստատություններին հնարավորություն է տալիս արագ, ապահով և հուսալի օգտվել էլեկտրոնային վճարումների ցանցից: Էլեկտրոնային վճարումները իրականացվում են VisaNet գլոբալ ինովացիոն պրոցեսինգային համակարգի միջոցով, որը կարող է իրականացնել ավելի քան 20 000 գործարք վայրկյանում, զերծ պահելով սպառողներին խաբեություններից: Visa-ն բանկ չէ, չի թողարկում վճարային քարտեր, չի սահմանում սակագներ և տոկոսադրույքներ սպառողների համար, ինչպես նաև չի տրամադրում վարկեր քարտապաններիրն: Իր հերթին Visa-ի ինովացիոն որոշումները թույլ են տալիս ֆինանսական կազմակերպություններին իրենց հաճախորդներին առաջարկել ֆինանսական գործիքների լայն ընտրանի, այդ թվում դեբետային, կանխավճարային և վարկային քարտային պրոդուկտներ: