Չորեքշաբթի, 22 Հոկտեմբերի 2014 18:53
Ազգային հիփոթեքային ընկերության 12-րդ թողարկման կորպորատիվ պարտատոմսերը ցուցակվել են բորսայում
ԱրմԻնֆո. 2014թ. հոկտեմբերի 22-ին «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի անվանական արժեկտրոնային պարտատոմսերի 12-րդ թողարկումը ցուցակվեց Նասդաք Արմենիայում, ընդգրկվելով հիմնական Abond ցուցակում: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է մամուլի ծառայությունից, Ազգային Հիփոթեքային Ընկերության 1 մլրդ ՀՀ դրամ ընդանուր ծավալով, 10,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, 3 տարի մարման ժամկետով, արժեկտրոնի 10% եկամտաբերությամբ այս պարտատոմսերը շրջանառվելու են Բորսայում NMCCB2C հապավմամբ, ինչպես նաև թույլատրվելու են հասցեական և ՌԵՊՈ գործարքների կնքմանը:
Հիշեցնենք, որ ս.թ. հոկտեմբերի 7-ին ընկերության պարտատոմսերը տեղեբաշխվել են Նասդաք Արմենիայի տեղաբաշխման հարթակում: Պարտատոմսերի համար ներկայացված գնման հայտերի ընդհանուր գումարը (ընդհանուր պահանջարկը) կազմել է 2,390,393,431.5 ՀՀ դրամ: Պարտատոմսերն ամբողջությամբ տեղաբաշխվել են, որի արդյունքում Ընկերության ներգրավել է 1,005,155,561.5 ՀՀ դրամ: Տեղաբաշխված արժեթղթերի կտրման գինը կազմել է 10,020.33 ՀՀ դրամ: Միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 9.7975 %, իսկ կտրման եկամտաբերությունը՝ 9.92%:
Այս թողարկումը ԱՀԸ ՎՎԿ պարտատոմսերի թողարկումներից երրորդն է, որն ընգրկվել է հիմնական Abond ցուցակում, ներկայումս ընկերության կորպորատիվ պարտատոմսերի ևս երկու թողարկումներ թույլատրված են առևտրին և շրջանառվում են Նասդաք Արմենիայի պարտատոմսերի ազատ շուկայում:
Նշենք, որ «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպություն Փակ Բաժնետիրական Ընկերությունը գրանցվել և լիզենզավորվել է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի հոկտեմբերի 19-ի թիվ 1/1167 Ա որոշմամբ (գրանցման վկայականի համարը` թիվ 26, 16.06.2009թ վարկային գործունեության լիցենզիա թիվ 26): Ընկերության միակ հիմադիրն ու բաժնետերը հանդիսանում է ՀՀ կենտրոնական բանկը: