Ուրբաթ, 24 Հոկտեմբերի 2014 16:13
NASDAQ OMX Armenia-ն Արմսվիսբանկին շնորհել է Ազգային հիփոթեքային ընկերության պարտատոմսերի մարկետմեյքերի կարգավիճակ
ԱրմԻնֆո. NASDAQ OMX Armenia-ն «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ին շնորհել է ֆոնդային բորսայում Ազգային Հիփոթեքային Ընկերության 12–րդ թողարկման պարտատոմսերի շուկա ստեղծողի կարգավիճակ: Այդ կարգավիճակում ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը կապահովի Ազգային Հիփոթեքային Ընկերության պարտատոմսերի անընդհատ երկկողմանի գնանշումներ` նպաստելով երկրորդային շուկայում պարտատոմսերի իրացվելիությանը: 
Լինելով ՀՀ բանկային համակարգում ներդրումային ծառայություններ մատուցող առաջատար բանկերից մեկը` ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը 2014 թվականի հոկտեմբերի 7-ին NASDAQ OMX Armenia ֆոնդային բորսայի առաջնային տեղաբաշխման հարթակում իրականացրել է այդ պարտատոմսերի տեղաբաշխումը: Հիշեցնենք, որ Ազգային Հիփոթեքային Ընկերության անվանական արժեկտրոնային պարտատոմսերը տեղաբաշխվել են 1 մլրդ.դրամ ընդհանուր ծավալով, 10 հազար դրամ անվանական արժեքով, 36 ամիս մարման ժամկետով, արժեկտրոնի 10% եկամտաբերությամբ: Միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 9.7978%, իսկ սահմանային եկամտաբերությունը՝ 9.92%: Պարտատոմսերի համար ներկայացված գնման հայտերի ընդհանուր ծավալը (ընդհանուր պահանջարկը) կազմել է 2,385 մլրդ.դրամ, որը գրեթե 2,4 անգամ գերազանցել է առաջարկվող ծավալը:
«Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի անվանական արժեկտրոնային պարտատոմսերի 12-րդ թողարկումը 2014 թվականի հոկտեմբերի 22-ին ցուցակվեց NASDAQ OMX Armenia բորսայում, ընդգրկվելով հիմնական Abond ցուցակում: Ազգային Հիփոթեքային Ընկերության 1 մլրդ ՀՀ դրամ ընդանուր ծավալով, 10,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, 3 տարի մարման ժամկետով, արժեկտրոնի  10% եկամտաբերությամբ այս պարտատոմսերը շրջանառվելու են Բորսայում NMCCB2C հապավմամբ, ինչպես նաև թույլատրվելու են հասցեական և ՌԵՊՈ գործարքների կնքմանը: 
Հիշեցնենք, որ ս.թ. հոկտեմբերի 7-ին ընկերության պարտատոմսերը տեղեբաշխվել են NASDAQ OMX Armenia-ի տեղաբաշխման հարթակում: Պարտատոմսերի համար ներկայացված գնման հայտերի ընդհանուր գումարը (ընդհանուր պահանջարկը) կազմել է 2,390,393,431.5 ՀՀ դրամ: Պարտատոմսերն ամբողջությամբ տեղաբաշխվել են, որի արդյունքում Ընկերության ներգրավել է  1,005,155,561.5 ՀՀ դրամ: Տեղաբաշխված արժեթղթերի կտրման գինը կազմել է 10,020.33 ՀՀ դրամ: Միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 9.7975 %, իսկ կտրման եկամտաբերությունը՝ 9.92%: 
Այս թողարկումը ԱՀԸ ՎՎԿ պարտատոմսերի թողարկումներից երրորդն է, որն ընգրկվել է հիմնական Abond ցուցակում, ներկայումս ընկերության կորպորատիվ պարտատոմսերի ևս երկու թողարկումներ թույլատրված են առևտրին և շրջանառվում են NASDAQ OMX Armenia պարտատոմսերի ազատ շուկայում: Առաջին անգամ ԱՀԸ-ն Հայաստանի կապիտալի շուկա դուրս եկավ 2011 թվականի նոյեմբերին, 1 մլրդ.դրամ թողարկման ծավալով և 9.6% եկամտաբերությամբ:
Նշենք, որ «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպություն Փակ Բաժնետիրական Ընկերությունը գրանցվել և լիզենզավորվել է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի հոկտեմբերի 19-ի թիվ 1/1167 Ա որոշմամբ (գրանցման վկայականի համարը` թիվ 26, 16.06.2009թ վարկային գործունեության լիցենզիա թիվ 26): Ընկերության միակ հիմադիրն ու բաժնետերը հանդիսանում է ՀՀ կենտրոնական բանկը: 2014 թվականի հուլիսի 1-ի դրությամբ ԱՀԸ ակտիվները կազմել են 33.4 մլրդ.դրամ (2-րդ տեղը ՎԿ շարքում), իսկ ընդհանուր կապիտալը` 11 մլրդ.դրամ (3-րդ տեղը): 2014 թվականի առաջին կիսամյակը ԱՀԸ-ն եզրափակել է 322.5 մլն.դրամ զուտ շահույթով (4-րդ տեղ):