Հինգշաբթի, 9 Հոկտեմբերի 2014 15:20
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ը նախազգուշացնում է ACBA-Online համակարգի կայքի կեղծ տարբերակի մասին
ԱրմԻնֆո: ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ը նախազգուշացնում է, որ այսօր առավոտյան ժամը 2:00-ի  մոտակայքում հակերների կողմից ստեղծվել  է ACBA-Online համակարգի կայքի կեղծ տարբերակը, որը ամբողջովին կրկնօրինակում է իրական կայքի տեսքը:
Ինչպես նշվում է  ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ի մարքեթինգի և որակի վարչությունից ԱրմԻնֆո գործակալությանը տրամադրված հաղորդագրությունում,  
հաճախորդը վերոնշյալ կեղծ կայքի հղումը ստանում է   էլեկտրոնային փոստին ստացված նամակի միջոցով: Կեղծ կայքում մուտքագրելով Ձեր username-ը և գաղտնաբառը՝ դուք դրանք ինքնակամ կտրամադրեք  «չարագործներին»:
Պպաշտպանվելու համար բանկն իր հաճախորդներին հորդորում է  ACBA-ONLINE համակարգի էջը անցնել միայն Բանկի օֆիցիալ կայքից` www.acba.am, կամ եթե հստակ գիտեք հասցեն հավաքել այն ձեռքով (https://online.acba.am):  Կայքում օգտագործողի անուն/գաղտնաբառ/OTP մտնելուց առաջ համոզվել, որ կայքում տեղադրված է իրական և գործող անվտանգության հավաստագիր (VeriSign Class 3 Extended Validation SSL SGC CA):  Ճիշտ հավաստագրի դեպքում հասցեի տողը պետք է լինի կանաչ և հասցեի դիմաց գրված լինի «ACBA-CREDIT AGRICOLE BANK [AM]»:  Կայքի հասցեն պետք է սկսվի "https://" ոչ թե "http://" ` այսինքն օգտագործվի միայն պաշտպանված https պրոտոկոլը:
Նաև խորհուրդ է տրվում ուշադիր ծանոթանալ կայքում տեղադրված «Անվտանգության ուղեցույցին»: 
«Նշված պայմաններից որևէ մեկի չկատարման դեպքում ոչ մի դեպքում մի մուտքագրեք Ձեր գաղտնաբառերը և անմիջապես դիմեք բանկ: Բանկի ինֆորմացիոն անվտանգության ծառայության կողմից իրականացվում են համապատասխան միջոցառումներ իրավիճակը շտկելու և կեղծիքի հեղինակներին բացահայտելու համար համար: Այս ժամանակահատվածում հաճախորդների տվյալների կորուստներ չեն արձանագրվել», - նշվում է հաղորդագրությունում: