Հինգշաբթի, 30 Հոկտեմբերի 2014 18:47
Մինչև տարեվերջ Ամերիաբանկում կգործի հիփոթեքային ակցիա, որով այլ բանկից տեղափոխվելու դեպքում բոնուսը կկազմի վարկի 1 տոկոսը
ԱրմԻնֆո. Մինչև 2014 թվականի դեկտեմբերի 31-ը Ամերիաբանկում կգործի հիփոթեքային ակցիա, որով այլ բանկից տեղափոխվելու դեպքում բոնուսը կկազմի վարկի 1%-ը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը պարզաբանել են Ամերիաբանկից, ակցիան տարածվում է ֆիզիկական անձանց հիփոթեքային վարկերի վրա, որոնք նրանք ստացել են այլ բանկերից, անշարժ գույքի կառուցման կամ վերանորոգման նպատակով:
Աղբյուրի համաձայն, եթե մինչև վարկի մարումը մնացել է 10 մլն.դրամ կամ ավելի, ապա վարկի մնացած մասի տեղափոխումն Ամերիաբանկ վարկառուին թույլ կտա ստացած բոնուսի հաշվին ձեռք բերել նոր բնակարանի համար որևէ անհրաժեշտ իր: Վարկերը տրամադրվում են ներկայումս բանկում գործող պայմաններով, բացառությամբ որոշ կետերի. Առնվազն 3 տարի մարման ժամկետով վարկերի համար` ժամկետից շուտ վարկը մարելու դեպքում մարվող գումարի 3%-ի չափով գանձվում է տույժ:
Ակցիայի շրջանակներում բանկն իր վրա է վերցնում լրացուցիչ բոլոր ծախսերը, այդ թում նաև գրավի առարկայի ձևակերպման գծով` կադաստրի վճարները, նոտարական ծախսերը, գրանցումը, գրավի գնահատումը: Դրա հետ մեկտեղ, վարկի ստացման համար լրացուցիչ վճար չի գանձվում:
Բանկը հայտարարել է նաև ակցիայի մյուս պայմանները: Մասնավորապես այլ բանկից տեղափոխվող վարկառուի վարկային պատմության նկատմամբ պահանջները հետևյալն են, որ վարկը պետք է ունենա առնվազն 3 ամսյա պատմություն, իսկ մինչև վարկի վերջնական մարումը պետք է լինի 3-ամյա ժամկետ:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի Բանկերի Ֆինանսական Վարկանիշի, երկրի հիփոթեքային շուկայում Ամերիաբանկը պահպանում է առաջատարի իր դիրքերը, 2014 թվականի հուլիսի 1-ի դրությամբ ապահովելով 11 մլրդ.դրամի հիփոթեքային պորտֆել, տարեկան աճը` 16.4%, որի միայն 10% աճն ապահովվել է 2-րդ եռամսյակում: Բանկի վարկային պորտֆելում հիփոթեքային վարկերը կազմել են 6%, իսկ բանկերի միագումար հիփոթեքային վարկերի կառուցվածքում Ամերիաբանկի մասնաբաժինը կազմել է 7%: Վերը նշված «հիփոթեքային ակցիան», ամենայն հաանականությամբ, Ամերիաբանկին թույլ կտա հավակնել շուկայի առաջատար դիրքերից մեկին:
Նշենք, որ Ամերիաբանկը ունիվերսալ բանկ է, որը ներդրումային, կորպորատիվ և մանրածախ բանկային ծառայություններ է մատուցում բանկային լուծումների համալիր փաթեթի տեսքով: Ամերիաբանկի միանձնյա սեփականատերն է Америя Групп CY Ltd ընկերությունը: