Չորեքշաբթի, 5 Նոյեմբերի 2014 13:09
«Կոնվերս Բանկը» ներգրավել է ՎԶԵԲ սինթետիկ վարկի 2.5 միլիոն դոլարի չափով երկրորդ տրանշը ՓՄՁ ֆինանսավորման համար
ԱրմԻնֆո: 2015-ին Կոնվերս Բանկը կընդլայնի իր միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների (ՄՓՄՁ) ֆինանսավորման ծրագիրը: Այդ մասին վկայում է Կոնվերս Բանկի՝ Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկից (ՎԶԵԲ) ստացած 5 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք սինթետիկ վարկի երկրորդ տրանշի ներգրավումը` 2.5 միլիոն ԱՄՆ դոլարի չափով: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից, դա հնարավորություն կընձեռի ապագայում ևս շահավետ պայմաններ առաջարկել ՓՄՁ-ներին ազգային արժույթով վարկավորման համար:
«Մենք չափազանց կարևորում ենք Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի հետ շարունակական համագործակցությունը և առհասարակ միջազգային մեր գործընկերների՝ Կոնվերս Բանկի նկատմամբ ունեցած մեծ վստահությունը: ՎԶԵԲ-ից ստացված սինթետիկ վարկի շնորհիվ Բանկը կտրամադրի բարենպաստ պայմաններով երկարաժամկետ ֆինանսավորում միկրո, փոքր և միջին բիզնեսին: Եվ քանի որ վարկերը կտրամադրվեն ՀՀ դրամով մեր հաճախորդները պաշտպանված կլինեն արտարժույթի փոխարժեքների տատանման ռիսկերից», - նշել է Կոնվերս Բանկի գործադիր տնօրեն Տիգրան Դավթյանը:
ՓՄՁ ֆինանսավորումը նախկինում ևս եղել է Կոնվերս Բանկի ուշադրության կիզակետում: Բանկը շարունակաբար զարգացնում և ընդլայնում է իրավաբանական անձանց համար նախագծված ծառայությունների ցանկը: Ներկայումս Կոնվերս Բանկը ՓՄՁ հաճախորդներին է առաջարկում բարձր որակի ֆինանսական ծառայություններ, ներառյալ տարատեսակ վարկային պրոդուկտներ և առևտրի ֆինանսավորման գործիքներ, ինչպես նաև հատուկ ծրագրեր՝ լոյալ հաճախորդների համար սահմանված արտոնյալ տոկոսադրույքի տեսքով:
Կոնվերս Բանկի և ՎԶԵԲ-ի համագործակցությունը տարիների ընթացքում չափազանց արդյունավետ է եղել: Բոլորովին վերջերս Կոնվերս Բանկի համար սահմանվել է 4 միլիոն ԱՄՆ դոլար վարկային սահմանաչափ՝ ՎԶԵԲ-ի «Առևտրի աջակցության ծրագրի» շրջանակներում:
Վերը նշված սինթետիկ վարկը թվով չորրորդ նախագիծն է բանկի հետ ՎԶԵԲ համագործակցության շրջանակում: 2008 թվականի նոյեմբերին Եվրաբանկը Կոնվերս Բանկին տրամադրել է 10 մլն դոլարի վարկ` ՓՄՁ ֆինանսնավորման համար: 2009 թվականին բանկի և ՎԶԵԲ միջև կնքվել է "Trade Finance Facility" պայմանագիր, որի շրջանակում Կոնվերս Բանկը Եվրաբանկի կողմից ճանաչվել է էմինենտ բանկ առևտրի աջակցման ծրագրում: 2011 թվականի մայիսին այդ կառույցների միջև կնքվել է համաձայնագիր վերականգնվող վարկավորման (RCA) շուրջ, որով նախատեսվում է տրամադրված վարկային լիմիտն ուղղորդել ներմուծման-արտահանման գործառնությունների ֆինանսավորմանը:
Նշենք, որ ՎԶԵԲ Հայաստանում խոշորագույն ներդրողներից մեկն է, որի հետ հանրապետությունը համագործակցում է 1994 թվականից: Հոկտեմբերի տվյալներով, անկախ Հայաստանի հետ համագործակցության սկզբից ի վեր ՎԶԵԲ-ը երկրում իրականացրել է ավելի քան 730 մլն եվրո գումարի 130 ծրագիր: Եվրաբանկի ներդրումների 94%-ը բաժին է ընկել Հայաստանի մասնավոր հատվածին: 2014 թվականին Հայաստանի համար ՎԶԵԲ վարկային պորտֆելը նախատեսում է 75 մլն եվրո, իսկ 2015 թվականին` 100 մլն եվրո:
ԱրմԻնֆո ԼԳ պատրաստած Հայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշի տվյալներով, Կոնվերս Բանկի կողմից ՓՄՁ սուբյեկտների վարկավորման ծավալը 2014 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել է 11.7 մլրդ դրամ, I կիսամյակում 17,1%, իսկ միայն II եռամսյակում ավելի քան 2 անգամ աճով: Բանկի ընդհանուր վարկային պորտֆելում ՓՄՁ վարկերին բաժին է ընկնում ավելի քան 13%, իսկ բանկի իրավաբանական անձանց վարկերի պորտֆելում ՓՄՁ բաժինը հասնում է 32%-ի: «Կոնվերս Բանկ» ՓԲԸ գործում է 1993 թվականից: Որպես բանկի բաժնետերեր հանդես են գալիս Edvansd Global Investments LLc ընկերությունը (վերահսկվում է արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանի կողմից)` կապիտալում 95% բաժնեմասով, և Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը` 5%: