Երեքշաբթի, 11 Նոյեմբերի 2014 18:06
ՀՀ ԿԲ վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողել է անփոփոխ՝ 6.75 տոկոս
ԱրմԻնֆո. ՀՀ Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողել է անփոփոխ՝ 6.75%: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից, որոշումն ընդունվել է 2014 թ. նոյեմբերի 11-ին, ԿԲ խորհրդի նիստում:
Աղբյուրի համաձայն, 2014 թ. հոկտեմբերին արձանագրվել է 1.0% գնաճ՝ նախորդ տարվա նույն ամսվա 0.3%-ի դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճը մոտեցել է տատանումների միջակայքի ստորին սահմանին՝ ամսվա վերջին կազմելով 2.2%: Խորհուրդը կարծում է, որ առաջիկա ամիսներին գնաճը կշարունակի մոտենալ իր նպատակային ցուցանիշին և կկայունանա դրա շրջակայքում:
Արտաքին հատվածում հիմնականում պահպանվում են արտաքին պահանջարկի վերականգնման դանդաղ տեմպերը, ինչի ներքո ապրանքահումքային շուկաներում շարունակվում են դրսևորվել գնանկումային միտումներ: Այնուամենայնիվ, Խորհուրդն արձանագրում է, որ աշխարհաքաղաքական զարգացումները դեռևս պահպանում են էական անորոշություններ՝ կապված գործընկեր երկրների տնտեսական հեռանկարների և ապրանքահումքային շուկաների հետ:
ՀՀ տնտեսությունում 2014 թ. երրորդ եռամսյակից դիտվել է տնտեսական ակտիվության որոշակի ավելացում, այնուամենայնիվ, տնտեսական աճը շարունակում է մնալ ցածր մակարդակում: Չնայած արտաքին և ներքին տնտեսություններում պահպանվող ցածր պահանջարկին, ԿԲ խորհուրդը միակարծիք է, որ մինչ օրս իրականացված դրամավարկային պայմանների շարունակական թուլացումը և ընդլայնողական հարկաբյուջետային քաղաքականությունը կարճաժամկետում կհանգեցնի համախառն պահանջարկի ընդլայնմանն ու գնաճի տեմպերի վերականգնմանը: Վերջինիս հնարավոր է նպաստի նաև հոկտեմբերից մի շարք ապրանքատեսակների գծով դրոշմապիտակների ներդրումը: Արդյունքում, 2015 թ. և կանխատեսվող հորիզոնի մնացած հատվածում 12-ամսյա գնաճը կգտնվի նպատակային ցուցանիշին մոտ` տատանվելով թույլատրելի միջակայքի սահմաններում:
Միջնաժամկետ հատվածում արտաքին և ներքին տնտեսական հետագա զարգացումներին ԿԲ-ն կարձագանքի դրամավարկային քաղաքականության ուղղությունների համապատասխան ճշգրտմամբ՝ ապահովելով այդ ժամանակահատվածում գնաճի նպատակի իրագործումը: Տոկոսադրույքի մակարդակի որոշման հիմքում ընկած մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ նոյեմբերի 21-ին հրապարակվելիք Գնաճի հաշվետվությունում (Դրամավարկային քաղաքականության 2014 թ. չորրորդ եռամսյակի ծրագրում):
Նշենք, որ 2014 թվականին մեգառեգուլյատորը 4 անգամ ընդունել է վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցնելու մասին որոշում: Օգոստոսի 12-ին այն 7%-ից իջեցվեց մինչև 6.75% (այդ ժամանակ լոմբարդային ՌԵՊՈ դրույքները սահմանվեցին` 8.25%, իսկ ներգրավված ավանդներինը` 5.25%), մինչ այդ, հունիսի 24-ին 7.25%-ից իջեցվեց մինչև 7% (իսկ լոմբարդային ՌԵՊՈ դրույքները 8.75%-ից իջեցվեցին մինչև 8.5%, իսկ ներգրավված ավանդներինը` 5.75%-ից մինչև 5.5%): Մինչ այդ վերաֆինանսավորման տոկոսադրույքը մայիսի 13-ին 7.5%-ից իջեցվեց մինչև 7.25% (լոմբարդային ՌԵՊՈ դրույքները և ներգրավված ավանդների տոկոսադրուքները համապատասխանաբար նվազեցվեցին մինչև8.75% և 5.75%): Իսկ այս տարվա փետրվարի 11-ին վերաֆինանսավորման տոկոսադրույքը 7.75%-ի իջեցվեց մինչև 7.5%, իսկ լոմբարդային ՌԵՊՈ դրույքները և ներգրավված ավանդների տոկոսադրույքները 9.25%-ից և 6.25%-ից իջեցվեցին մինչև` համապատասխանաբար 9% և 6%: