Երեքշաբթի, 11 Նոյեմբերի 2014 18:31
ՀՀ ԿԲ ղեկավար. Ռուսական ռուբլու փոխարժեքի անկումն անմիջական ազդեցություն չի ունենա Հայաստանի տնտեսության վրա
ԱրմԻնֆո. Հայաստանի Կենտրոնական բանկն ուշադրությամբ հետևում է արտարժույթի շուկայում տիրող իրավիճակին և, անհրաժեշտության դեպքում, կարող է կտրուկ ցնցումները հարթելու նպատակով միջամտել: Այս մասին, պատասխանելով ՀՀ խորհրդարանի պատգամավորների հարցերին, հայտարարել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը: Նա նշել է, որ ԿԲ մտադիր չէ փոխել իր մոտեցումները, և կհետևի ազատ լողացող փոխարժեքի քաղաքականությանը, որի շրջանակներում, անհրաժեշտության դեպքում, շուկայում կիրականացնի արժութային միջամտոթյուններ: «Ամռան ամիսներին մենք ազատ շուկայում մի քանի անգամ կատարեցինք արտարժույթի գնման գործողություններ, դրամի խիստ արժևորման պայմաններում, որպեսզի դա ազդի ապրանքարտադրողների և հատկապես արտահանողների վրա: Հետևաբար, դրամի թուլացման դեպքում մենք պատրաստ ենք մեր միջամտություններով հարթել նաև այդ տատանումները»,-հայտարարել է երկրի գլխավոր բանկիրը:
Ջավադյանը հանգստացրել է խորհրդարանականներին, հայտարարելով, որ ռուսական ռուբլու կտրուկ արժեզրկումը Հայաստանի տնտեսության վրա անմիջական ազդեցություն չի ունենա, քանի որ Ռուսաստան արտահանվող հայկական ապրանքների ընդհանուր ծավալը կազմում է երկրի արտահանման ծավալների ընդամենը 20%-ը, իսկ երկրի ընդհանուր ապրանքաշրջանառության ծավալներում Ռուսաստանի մասնաբաժինը կազմում է ընդամենը 25%: Նա տեղեկացրել է, որ երկրի բանկային համակարգն ունի արտահանողներին ֆինանսավորելու բավականաչափ որակյալ գործիքներ, որոնք ռուսաստանյան շուկա մատակարարումներ իրականացնելու դեպքում կարող են հեջավորել իրենց արտարժութային ռիսկերը: Սակայն, ԿԲ ղեկավարն ընդունել է, որ Ռուսաստանի արտարժույթի շուկայում ստեղծված իրավիճակը կարող է ազդել Հայաստան ուղղվող մասնավոր դրամական փոխանցումների վրա: Նրա խոսքով, չնայած տարվա առաջին 9 ամիսների տվյալները դեռ վերջնական չեն, այնուամենայնիվ, տրանսֆերտների ակնկալվող 10% աճը հնարավոր է, որ չլինի:
Միևնույն ժամանակ Ջավադյանը հիշեցրել է, որ ընթացիկ տարում միջին գնաճը Հայաստանում կկազմի 3.5%, նախատեսված` 4%-ի փոխարեն, իսկ 2015-ին պետք է սպասել գնաճի ոչ մեծ աճի, կապված մի շարք մակրոտնտեսական, միջազգային և տարածաշրջանային գործոնների հետ: Այդ ցուցանիշը բյուջեով նախատեսված է 4-4.5%:
Նշենք, որ ՀՀ ԿԲ տվյալներով, ԱՄՆ դոլարի նկատմամբ ռուսական ռուբլու էական արժեզրկման հետևանքով Հայաստան ուղղվող ֆիզիկական անձանց մասնավոր տրանսֆերտների ծավալը տարեկան կտրվածքով կրճատվել է 8%, մինչև ներկայիս 0.4%-ը, 2014 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին կազմելով 1,323 մլրդ.դոլար: 2014-ի հունվար-սեպտեմբերին ՌԴ մասնաբաժինը Հայաստան ուղղվող տրանսֆերտների ընդհանուր ծավալներում կազմել է 83.4%, 2013-ի նույն ժամանակահատվածի 85.7%-ի փոխարեն, բացարձակ արտահայտության 2.3% անկումով, Հայաստանից Ռուսաստան ուղղվող տրանսֆերտների 11.4% աճի պայմաններում:
Նշենք, որ վերջին 2 շաբաթվա ընթացքում դոլարի փոխարժեքը Հայաստանի արժույթի շուկայում սկսել է աստիճանաբար բարձրանալ, հոկտեմբերի 28-ի 1 դոլարի դիմաց 409 դրամից աճելով նոյեմբրի 11-ին մինչև 416 դրամ: Այդ ժամանակահատվածում պաշտոնական փոխարժեքն աճել է`410.24 դրամից մինչև 415.30 դրամ: Շուկայյի մասնակիցների և անկախ փորձագետների կարծիքով, երկրի արտարժույթի շուկայում զգացվոմ է որոշակի լարվածություն, որը պայմանավորված է փոխարժեքի աճի սպասումներով, կապված արտահանողների արտարժութային հասույթի և տրանսֆերտների ծավալների կրճատման հետ, ինչն էլ իր հերթին կապված է ռուսաստանյան իրադարձությունների հետ: Ամանորյա տոնակատարությունների շեմին դրամի փոխարժեքն, ավանդաբար, կապված արտասահմանից Հայաստան ուղղվող դրամական փոխանցումների կտրուկ աճի հետ, աստիճանաբար ամրապնդվում էր, բայց այս տարի նկատվում է աստիճանաբար թուլացում, կամ հակառակ պատկերը: Այնուամենայնիվ, փորձագետները բացառում են փոխարժեքի կտրուկ ցնցոմները, առնվազն գոնե մինչև Ամանորյա տոները: