Հինգշաբթի, 13 Նոյեմբերի 2014 20:17
ՀՀ ԿԲ ուժը կորցրած է ճանաչել «Գարանտ Ինշուրանս» ապահովագրական ընկերության լիցենզիան
ԱրմԻնֆո. ՀՀ Կենտրոնական բանկը ուժը կորցրած է ճանաչվել «Գարանտ Ինշուրանս» ապահովագրական ՓԲԸ «Ոչ կյանքի ապահովագրության իրականացման» ԱՊՈ թիվ 0003 (0028) լիցենզիան: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից, որոշումն ընդունվել է ԿԲ Խորհրդի նոյեմբերի 13-ի նիստում: Այսպիսով, ներկայումս Հայաստանի ապահովագրական շուկայում մնաց 6 ապահովագրական ընկերություն:
Աղբյուրի համաձայն, ընկերությունն ապահովագրական գործունեություն էր իրականացնում ապահովագրական 12 դասերով, բայց հիմնականում մասնագիտանում էր բժշկական ապահովագրության ուղղությամբ:
Հիշեցնենք, որ 2013 թվականիս սկզբին հայտարարվեց Հայաստանի խոշորագույն ապահովագրական ընկերության` «Ռոսգոսստրախ Արմենիա» ՓԲԸ և «Գարանտ Ինշունարս» ՓԲԸ միավորման մասին: ՄԻավորված ընկերությունն այսուհետ կանվանվի «Ռոսգոսստրախ Արմենիա»:
Նշենք, որ «Գարանտ Ինշուրանս» ընկերության բաժնետերերն էին 2 ֆիզիկական անձինք, սակայն, վերջնական սեփականտերն էր ՀՀ առողջապահության նախկին նախարար, «Արաբկիր» բժշկական կենտրոնի սեփականատեր, ՀՀ ԱԺ պատգամավոր Արա Բաբլոյանը:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի ապահովագրական ընկերությունների Ռենկինգի, «Գարանտ Ինշուրանս» ընկերության սեփական կապիտալը 2014 թվականի հոկտեմբերի 1-ին կազմել է 1,8 մլրդ դրամ, կանոնադրական կապիտալը` 1,6 մլրդ դրամ, ակտիվները`1.9 մլրդ դրամ, ապահովագրավճարների ծավալը`1.9 մլն.դրամ, ապահովագրական հատուցումները` 130.2 մլն.դԴրամ: Հարկ է նշել, որ 2012-ի արդյունքներով, մինչև միաձուլման մասին հայտարարությունը, «Գարանտ Ինշուրանս» ընկերության ապահովագրական պորտֆելու բժշկական ապահովագրական մասնաբաժինը կազմում էր մոտ 62%, իսկ ապահովագրության պրեմիաների ընդհանուր ծավալը կազմում էր 3,4 մլրդ դրամ, հատուցումները` 1.7 մլրդ դրամ: 2014 թվականի հոկտեմբերի 1-ին «Ռոսգոսստրախ Արմենիա» ընկերությունը դարձավ շուկայի առաջատարը: Ընկերության սեփական կապիտալը կազմել է 4.4 մլրդ դրամ (1 տեղ) ակտիվները`12,9 մլրդ դրամ (1 տեղ), ապահովագրավճարները`7.8 մլրդ դրամ (1 տեղ), ապահովագրական հատուցումները`9.2 մլրդ դրամ (1 տեղ): Ընկերության ապահովագրական պորտֆելու ԱՊՊԱ գծով պրեմիաները կազմում են ավելի քան 64%, բժշկական ապահովագրության բաժինը կազմել է մոտ 10%: Ընկերությունը 2014 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով ունի ամենալայն գործակալական ցանցը, որը կազմված է 2607 գործակալից: