Ուրբաթ, 14 Նոյեմբերի 2014 19:12
Նոյեմբերի 10-14-ը բորսայական արտարժութային գործարքների ծավալներն էապես աճել են, միջբանկային գործարքների բացակայության և դրամի արժեզրկման պայմաններում
ԱրմԻնֆո. Նոյեմբերի 3-9-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից ՀՀ դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 39.1 մլրդ դրամ (շաբաթվա անկումը`17%), իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 80 մլն ԱՄՆ դոլար (շաբաթվա աճը`33.8%): Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Աղբյուրի համաձայն, նոյեմբերի 10-14-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 86.8 մլն.ԱՄՆ դոլար (շաբաթվա անկումը` 0.5%), 414.63 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով և վաճառվել է 113.8 մլն ԱՄՆ դոլար (շաբաթվա աճը`22%), 415.89 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Նույն ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 5.7 մլն.եվրո, (շաբաթվա անկումը` 8.1%) 514.76 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով և վաճառվել է 14.1 մլն.եվրո (շաբաթվա անկումը` 10.2%), 519.25 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում բանկերի կողմից գնվել է 690.7 մլն. ռուբլի, (շաբաթվա անկումը`15%),  8.85 դրամ/ռուբլի միջին փոխարժեքով և վաճառվել է 206.2 մլն.ռուբլի (շաբաթվա աճը`37.3%), 9.08 դրամ/ռուբլի միջին փոխարժեքով: 
Նոյեմբերի 10-14-ն ընկած ժամանակահատվածում բորսայական արտարժութային գործարքների ծավալների էական աճը շարունակվել է, արտարժութային մանրածախ շուկայում միջբանկային գործարքների բացակայության և ԱՄՆ դոլարի նմակտամբ ՀՀ դրամի արժեզրկման պայմաններում, որը կազմել է մոտ 416 դրամ/դոլար` աճի միտումներով: Այսպես, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նույն ժամանակահատվածում արտարժութային գործարքների ծավալը կազմել է 38.2 մլն. դոլար (շաբաթվա աճը`77.7%), 415.60 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Ընդ որում, գործարքների առավելագույն ծավալն արձանագրվել է նոյեմբերի 11-ին`16.5 մլն.դոլար, իսկ նվազագույն ծավալը` նոյեմբերի 10-ին` 600 հազար դոլար: Արտարժույթի միջբանկային շուկայում նոյեմբերի 10-14-ն արտարժույթով գործարքներ չեն իրականացվել:
Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի տվյալների, Հայաստանի բանկերի վարկային ներդրումների ընդհանուր ծավալը 2014 թվականի հուլիսի 1-ին կազմել է 1.861 տրլն.դրամ, երկրորդ  եռամսյակում աճելով 2.8%, իսկ տարեկան կտրվածքով` 11.5%: Առանց երկարաձգված և ժամկետանց վարկերի, բանկերի վարկային ներդրումները նույն ժամանակահատվածում կազմել են 1.724 տրլն.դրամ: Բանկային վարկերի կառուցվածքում դրամային վարկերը կազմել են 38% իսկ արտարժութային վարկերը` 62%: Դրամային վարկավորումը երկրորդ եռամսյակում աճել է 3.2%, իսկ տարեկան կտրվածքով` 13.8%: Իսկ արտարժութային վարկերը եռամսյակում աճել են 1.8%, իսկ տարեկան կտրվածքով` 6.92%: Երկարաձգված վարկերի տեսակարար կշիռը բանկերի միագումար վարկային պորտֆելում կազմել է 6% կամ 111.8 մլրդ.դրամ, երկրորդ եռամսյակում աճելով 10.6%, իսկ տարեկան աճը կազմել է  57.3%: Ժամկետանց վարկերի տեսակարար կշիռը կազմել է 1.3% կամ 25.6 մլրդ.դրամ, եռամսյակում նվազելով 1.2%, իսկ տարեկան կտրվածքով աճելով 13.3%: