Երկուշաբթի, 1 Դեկտեմբերի 2014 19:48
Տնտեսագետ. Դրամի արժեզրկման հետևանքով Հայաստանում կաճի աղքատության մակարդակը
ԱրմԻնֆո. Դրամի արժեզրկման հետևանքով Հայաստանում կաճի աղքատության մակարդակը: Այսօր կայացած մամուլի ասուլիսում նման կարծիք է արտահայտել տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը: Նրա խոսքով, դա տեղի կունենա այն պատճառով, քանի որ վարկերի մեծ մասը երկրում տրամադրված են դոլարով, ինչի հետևանքով էլ վարկառուները կհայտնվեն ռիսկային գոտում:
«Նման կարճ ժամկետում նրանց աշխատավարձերն ինդեքսացիայի չեն ենթարկվի ու չեն բարձրանա: Հետևաբար, այդ հատվածում նրանց վճարունակությունը կնվազի, և նրանք ստիպված կլինեն վճարել ավելի բարձր տոկոսներ»,-նշել է Վ.Խաչատրյանը:
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, աղքատության մակարդակը Հայաստանում 2013-ի վերջին կազմել է 32%, ծայրահեղ աղքատների հետ միասին` 34,7%, մինչդեռ 2008-ին, այն կազմում էր 27, 5%, իսկ ծայրահեղ աղքատների հետ միասին` 29.2%:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի Բանկերի Ֆինանսական Վարկանիշի, 2013 թվականին բանկերի կողմից տրամադրված վարկերի ծավալը կազմել է 1.1 տրլն.դրամ, տարեկան աճը` 14.3%: Հայաստանի բանկային համակարգի միագումար վարկային պորտֆելում արտարժույթով վարկերը կազմել են 60.2%:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 24-ին ՀՀ ԿԲ իրականացրեց դրանի փոխարժեքի ճշգրտում, ինչի արդյունքում ԱՄՆ դոլարի փոխարժեքը նոյեմբերի 21-ի համեմատ աճեց 16.6 կետով, հասնելով 435 դրամի, թարմացնելով 8-ամյա մաքսիմումը: ԿԲ իր այդ քայլը բացատրեց հայկական արտահանման մրցունակությանն աջակցելու անհրաժեշտությունով, ապահովելով Հայաստան ուղղվող տրանսֆերտների վճարունակությունը և բարձրացնելով զբաղվածության մակարդակը երկրում:
2014 թվականի դեկտեմբերի 1-ին Հայաստանի արտարժույթի մանրածախ շուկայում դրամի նկատմամն դոլարի միջին փոխարժեքը կազմում է 436.5 դրամ/դոլար, եվրոն կազմել է` 543 դրամ/եվրո, իսկ ռուբլին` 8.6 դրամ/ռուբլի: