Երեքշաբթի, 2 Դեկտեմբերի 2014 17:53
Սպեկուլյացիոն խաղերը դրամի մանրածախ փոխարժեքը 447 դրամից թռցրեցին մինչև 460 դրամ, բայց ոչ տևականորեն, որից հետո ԿԲ հանդես է եկել հայտարարությամբ
ԱրմԻնֆո. Հայաստանի արտարժութային մանրածախ շուկայում դեկտեմբերի 2-ին, օրվա ընթացքում, դոլարի առք և վաճառքն առավոտյան 447 դրամից ցատկեց մինչև 460 դրամ, բայց արդեն ժամը 15:30-ին փոխարժեքը կրկին իջավ մինչև 447 դրամ: Փոխարժեքի թռիչքը կարճաժամկետ էր և, ամենայն հավանակությամբ, կրում էր սպեկուլյատիվ բնույթ, քանի որ մինչև բորսայական սակարկությունների ավարտը կրկին դիտվեց իջեցում: Ընդ որում, NasdaqOMX Armenia բորսայում արտարժույթով գործարքներ չեն իրականացվել, բայց հատկանշական է, որ 439 դրամ/դոլար փոխարժեքի ներկայացված պահանջարկը մնացել է չբավարարված:
Դեկտեմբերի 2-ին ժամը 11:00-ին Հայաստանի մանրածախ արտարժույթի շուկայում դոլարի առք և վաճառքի փոխարժեքը կազմեց 442/452 դրամ/դոլար, այնուհետև բարձրացավ մինչև 455/462 դրամ/դոլար, բայց կարճ ժամանակահատվածով մնաց մակարդակում, որից հետո ժամը 15:00-ին նվազեց մինչև 440/450 դրամ.դոլար ցուցանիշը: Եվրոյի առք և վաճառքի փոխարժեքն առավոտյան 553/565 դրամից ժամը 15:00-ին իջավ մինչև 545/560 դրամ/եվրո: Ռուբլու առք և վաճառքի փոխարժեքն այդ ժամանակահտավում 8.6/8.95 դրամ/ռուբլուց իջավ մինչև 8.3/9.1 դրամ/ռուբլի:
Արտարժույթի մանրածախի շուկայում այսօր տեղի ունեցած մեծ տատանումների հետ կապված ՀՀ Կենտրոնական բանկը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ սպեկուլյանտներին զգուշացրել է, որ անհրաժեշտության դեպքում ԿԲ կմիջամտի իրավիճակին իր տրամադրության տակ գտնվող բոլոր գործիքների միջոցով: Կենտրոնական բանկը կոչ է արել զերծ մնալ արժութային սպեկուլյացիաներից և անհարկի փոխարկումներից, քանի որ, փոխարժեքի նման տատանողական վարքագծի պարագայում, դրանք իրենց մեջ կրում են բարձր ռիսկեր և ակնկալվող օգուտի փոխարեն կարող են հանգեցնել զգալի վնասների: Նշվել է նաև, որ հաշվի առնելով այս տատանումների կարճաժամկետ բնույթը և արտարժութային պահուստների բավարար մակարդակը, գների կայունության և ֆինանսական կայունության հետ կապված զգալի ռիսկեր չկան և ԿԲ միջազգային պահուստները բավարար են գների աճը կայունացնելու համար: ԿԲ ստեղծված իրավիճակը բացատրել է արտաքին շուկաներում դիտվող կտրուկ տատանումներով, որոնք ներքին շույկայում ձևավորում են որոշակի սպասումներ: