Երեքշաբթի, 2 Դեկտեմբերի 2014 19:40
Անելիք Բանկի ավանդային ընդհանուր պորտֆելը մեկ տարում աճել է 50%
ԱրմԻնֆո. Այս տարվա երրորդ եռամսյակի տվյալներով, Անելիք Բանկի ավանդային պորտֆելը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ավելացել է մոտ 50 տոկոսով` կազմելով շուրջ 39 մլրդ ՀՀ դրամ: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Անելիք Բանկի մամուլի ծառայությունից, տվյալ ցուցանիշը պայմանավորված է հիմնականում ֆիզիկական անձանցից ներգրաված ժամկետային ավանդային պորտֆելով, որտեղ բացի գումարայինից գրանցվել է նաև ներդրված ավանդների քանակի աճ:
«Ավանդային պորտֆելի զգալի աճը, որտեղ իր մեծ մասնաբաժինն ունեն հատկապես ֆիզիկական անձանցից ներգրաված ավանդները, վկայում է մեր Բանկի հանդեպ տարեցտարի ավելացող վստահության մասին: Վստահությունն Անելիք Բանկի նկատմամբ պայմանավորված է Բանկի շուրջ քառորդդարյա գործունեությամբ, հաճախորդների նկատմամբ ցուցաբերվող անհատական մոտեցմամբ և, իհարկե, սպասարկման պատշաճ մակարդակով: Այս ցուցանիշի գրանցմանը նպաստել են նաև ամռանը ներդրված «Ամառային» ավանդատեսակը, ինչպես նաև դեպի Հուրգադա 2 անձի համար նախատեսված 2 ուղեգրերի խաղարկության ակցիան»,-ասել է «Անելիք Բանկ» ՓԲԸ Հասարակության հետ կապերի պատասխանատու Աստղիկ Մարտիրոսյանը, ավելացնելով, որ երրորդ եռամսյակում գրանցվել է նաև ֆիզիկական անձ ավանդատուների թվի ավելի քան 22% աճ:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի Բանկերի Ֆինանսական Վարկանիշի, 2014 թվականի հոկտեմբերի 1-ին Անելիք բանկը ժամկետային ավանդների եռամսյակային և տարեկան աճի տեմպերով հայտնվել է համակարգի առաջատարների շարքում, ընդհուպ մոտենալով առաջատարների տասնյակին:
Նշենք, որ Անելիք Բանկի միակ սեփականատերն է լիբանանյան Credit Bank S.A.L. բանկը: