Հինգշաբթի, 4 Դեկտեմբերի 2014 13:11
ՀՀ Կենտրոնական բանկ. ԿԲ պահուստները լիովին բավարար են ֆինանսական կայունություն ապահովելու համար
ԱրմԻնֆո: Հայաստանի կենտրոնական բանկի պահուստները լիովին բավարար են արժույթի փոխարժեքի արհեստական տատանումները զսպելու և ֆինանսական կայունություն ապահովելու համար: Դեկտեմբերի 4-ին կառավարության նիստում այդ մասին հայտարարել է ՀՀ ԿԲ նախագահի տեղական Ներսես Երիցյանը:
Նրա ասելով, համաշխարհային արժույթների փոխարժեքների տատանումները նպաստել են հայկական դրամի արժեզրկմանը և որոշակի սպասումներ ու անհանգստություն հարուցել հասարակության շրջանում: ԿԲ կոչ է անում ձեռնպահ մնալ արժութային սպեկուլյացիաներից, որոնք կրում են բարձր ռիսկեր, և հաստատում է ֆինանսական շուկայում իրավիճակը կայունացնելու իր պատրաստակամությունը, նշել է Երիցյանը:
Նա հավելել է, որ ԿԲ ակտիվացնում է եղած բոլոր մոնետար գործիքները իրավիճակը կայունացնելու համար, ներառյալ ՌԵՊՈ գործարքները, արժութային փոխանակումները և լոմբարդային գործիքները:
Երիցյանը հայտարարել է, որ ԿԲ պահուստները համաչափելի են շրջանառվող կանխիկ դրամի հետ, ուստի այդ առումով խնդիրներ չեն ծագի: Նա հավաստիացրել է, որ հանրապետության բանկային համակարգի կայունությունն ապահովված է և երաշխավորված բարձր կապիտալիզացմամբ: «Բանկերի ակտիվներն ու պասիվները դոլարիզացված են, և բանկերն ունեն բավականաչափ դոլարային իրացվելիություն` կանխիկ և անկանխիկ արտահայտությամբ, քաղաքացիների պահանջները ապահովելու համար», - ասել է Երիցյանը:
Փոխնախագահը հավելել է, որ ԿԲ նաև էական ինֆլյացիոն ռիսկեր չի տեսնում արժույթի փոխարժեքի տատանման առնչությամբ: ԿԲ վերջին կանխատեսումների համաձայն, 2014 թվականին ինֆլյացիան Հայաստանում կկազմի 4%, իսկ 2015 թվականին` 4% +1,5%, ասել է նա:
Նշենք, որ այսօր Հայաստանի ԿԲ պահուստները կազմում են 1,6 մլրդ դոլար: