Ուրբաթ, 5 Դեկտեմբերի 2014 17:24
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցություն ցուցաբերեց սահմանափակ կարողություններով երեխաներին
ԱրմԻնֆո. ՎՏԲ-Հայաստան Բանկն իր բարեգործական գործունեության շրջանակում Հաշմանդամների միջազգային օրվա կապակցությամբ և Ամանորի նախօրեին աջակցություն ցուցաբերեց Չարենցավանի թիվ 6 դպրոցի ներառական խմբի աշակերտներին: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, դպրոցում սահմանափակ կարողություններով երեխաները սովորում են մնացած աշակերտների հետ, սակայն նրանց հետ առանձին տարվում են աշխատանքներ նեղ մասնագիտացում ունեցող մասնագետների կողմից`ուսուցչի, լոգոպեդի, հոգեբանի:
Աղբյուրի համաձայն, Բանկը նվիրեց ներառական խմբին սեղաններ, աթոռներ, որոնք հարմարեցված են սահմանափակ կարողություններով երեխաներին, ինչպես նաև զարգացնող խաղեր, որոնք բարերար ազդեցություն ունեն երեխաների ուշադրության ու հիշողության զարգացման, գունային ընկալման, տրամաբանության ու ստեղծագործ մտքի զարգացման համար: Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող խումբը ներառում է 5-15 տարեկան հենաշարժական համակարգի խնդիրներ ունեցող, աուտիզմով, Դաունի համախտանիշով երեխաների:
«Սահմանափակ կարողություններով երեխաների ամբողջական ու հավասար մասնակցությունը հասարակության կյանքին շատ կարևոր է: Նրանց պետք է տրամադրվեն հավասար իրավունքներ, որոնք ունեն հասարակության մնացած անդամները: Հուսով ենք, որ մեր այս ավանդը կօգնի սահմանափակ կարողություններով երեխաներին բարոյապես ադապտացվել ժամանակակից հասարակությունում, կդարձնի նրանց ավելի ուրախ ու առողջ»,- նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսևը:
Նշենք, որ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: