Երեքշաբթի, 9 Դեկտեմբերի 2014 19:49
ՀՀ ԿԲ կանխատեսում. Հայաստանում դրամի արժեզրկումը կձևավորի 1.5-2% լրացուցիչ գնաճ
ԱրմԻնֆո. Հայաստանում դրամի արժեզրկումը 2014 թվականի 4-րդ, ինչպես նաև հաջորդ եռամսյակներում, կձևավորի 1.5-2% լրացուցիչ գնաճ, որից հետո այդ ազդեցությունը մեկ տարվա ընթացքում կչեզոքացվի: Այսօր կայացած մամուլի ասուլիսում նման կանխատեսումնհերով է հանդես եկել ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը:
Նա նշել է, որ ՀՀ ԿԲ կանխատեսումներով գնաճը Հայաստանում 2014-ի վերջին և 2015-ի վերջին կլինի 4% (+/-1.5%) միջակայքում: «Դրամավարկային քաղաքականության ծրագրի հերթական քննարկումների ընթացքում ԿԲ-ն ավելի հագամանորեն կներկայացնի վերջին իրադարձությունների հնարավոր ազդեցությունը գնաճի վրա»,-նշել է ԿԲ նախագահը:
Նրա խոսքով, արժույթը գնաճի վրա ազդող կարևոր, բայց ոչ ամենաորոշիչ գործոնն է: «Բնական է, փոխարժեքի փոփոխությունն ազդում է ներմուծվող ապրանքների գների վրա, որոնք կազմում են Հայաստանի սպառողական զամբյուղի 37%-ը: Փոխարժեքի ազդեցությունը գների վրա կախված է զանազան գործոններից, օրինակ, շուկաների կառուցվածքից, մրցակցային ապրանքների առկայությունից, պահանջարկի առաձգականությունից և այլ միկրոցուցանիշներից: Ինչ վերաբերչվում է ապրանքային կոնկրետ շուկաներին, ապա այստեղ նույնպես հնարավոր են գների անհիմն բարձրացման չարաշահումներ, ինչպես նաև ապրանքների գների սպասվելիք աճի վերաբերյալ լուրերի տարածում` արհեստական պահանջարկ ձևավորելու նպատակով: Պետական համապատասխան մարմիններն ուշադրությամբ հետևում են իրավիճակին և խախտումների բացահայտման դեպքում մեղավորները կպատժվեն»,-եզրափակել է ԿԲ նախագահը:
Ըստ ՀՀ ԿԲ դեկտեմբերի 8-ի հայտարարության, արժույթի շուկայում հավասարակշռությունը վերականգնելու և արժույթի տատանումները մեղմելու համար մեգառեգուլյատորը մտադիր է մինչև տարեվերջ կատարել ամենօրյա միջամտություններ: Վաճառվող արժույթի առավելագույն ծավալի հայտարարման իրականացվող քաղաքականությունը թույլ կտա նորմալացնել Հայաստանի արժույթի շուկայում ստեղծված իրավիճակը: Իր ամենօրյա ներդրումների մասշտաբները Կենտրոնական բանկը փուլերով կնվազեցնի, մինչև որ հասնի դրամի հավասարակշռված փոխարժեքին: Դրա նպատակը դրամի փոխարժեքի ձևավորման վրա ՀՀ ԿԲ ազդեցության նվազեցումն է:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 24-ին ՀՀ ԿԲ իրականացրեց դրամի փոխարժեքի ճշգրտում, ինչի արդյունքում ԱՄՆ դոլարի փոխարժեքը նոյեմբերի 21-ի համեմատ աճեց 16.6 կետով, հասնելով 435 դրամի, թարմացնելով 8-ամյա մաքսիմումը: ԿԲ իր այդ քայլը բացատրեց հայկական արտահանման մրցունակությանն աջակցելու անհրաժեշտությունով, ապահովելով Հայաստան ուղղվող տրանսֆերտների վճարունակությունը և բարձրացնելով զբաղվածության մակարդակը երկրում:
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, 2014 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին 2013-ի նույն ժամանակահատվածի համեմատ գնաճը կազմել է 2.8%: 2014 և 2015 թվականների պետբյուջեով նախատեսված գնաճը կազմում է 4% (+1.5%): Ըստ ՀՀ ԿԲ 2014-ի 4-րդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրի, գնաճը 2014 թվականի վերջին կկազմի 3.2%: