Չորեքշաբթի, 10 Դեկտեմբերի 2014 14:33
Պատգամավոր. Հայաստանում դիտվում են արտարժույթի ազատ լողացող փոխարժեքի տարօրինակ դրսևորումներ
ԱրմԻնֆո. Հայաստանում դիտվում են արտարժույթի ազատ լողացող փոխարժեքի տարօրինակ դրսևորումներ: Այս մասին դեկտեմբերի 10-ին տնտեսության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության հարցերին նվիրված Կլոր սեղանի ընթացքում հայտարարել է ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը:
Նրա խոսքով, ըստ ՀՀ Կենտրոնական բանկի հայտարարության, արտարժույթի փոխարժեքը ձևավորվում է պահանջարկ-առաջարկ սկզբունքով: Մինչդեռ, մի քանի օր առաջ երկրի բոլոր բանկերն, առանց բացառության, հանգամանքների տարօրինակ զուգադիպությամբ, սահմանեցին միատեսակ փոխարժեք` 442,6 դրամ/դոլար: «Եվ դա կոչվում է շուկայի ազատ դրսևորում, երբ հայտնի չէ, թե ինչ պատճառով էր, որ բոլոր բանկերը կանգ առան միևնույն թվի վրա»,-հայտարարել է Արսենյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ ԿԲ ղեկավար Արթուր Ջավադյանն ավելի վաղ հաղորդել էր, որ ԿԲ մտադիր չէ փոխել իր դիրքորոշումը և կհետևի ազատ լողացող փոխարժեքի քաղաքականությանը, որի շրջանակներում, անհրաժեշտության դեպքում, շուկայում կիրականացվեն արժութային միջամտություններ: Դեկտեմբերի 9-ին այդ միջամտության արդյունքում ԿԲ-ն շուկայի մասնակից-բանկերին վաճառեց 6 մլն.դոլար, 458,31 դրամ/դոլար միջին փոխարժեքով: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից, նվազագույն սահմանային փոխարժեքը կազմել էր 457,57 դրամ/դոլար: Արժույթի շուկայի փորձագետների կարծիքով, չնայած շուկայում իրականացված ոչ մեծ ծավալներով միջամտություններին, ԿԲ-ն, այնուամենայնիվ, ինչ-որ կերպ կարողացավ դանդաղեցնել դրամի արժեզրկման տեմպերը:
Սակայն, արժութային շուկայում հավասարակշռությունը վերականգնելու համար, ինչին ձգտում է ԿԲ-ն, անհաժեշտ են ոչ միայն ամենօրյա, այլ նաև ավելի լուրջ ծավալների միջամտություններ:
Ըստ վերջին տվյալների, դեկտեմբերի 9-ին Հայաստանի արժույթի մանրածախ շուկայում ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարիր նկատմամբ անցել է 461 դրամ/դոլարից, վերջին 2.5 ամիսներին արժեզրկվելով 13%: Տվյալ պահին (14:40) փոխանակման կետերում դոլարի առքուվաճառքի փոխարժեքը կազմում է 460/463 դրամ/$1, եվրոն` 564/570 դրամ/1 եվրո, ռուսական ռուբլին` 8,45/8.50 դրամ/1ռուբլի: Սահմանային փոխարժեքը Հայաստանի բանկերում սահմանվել է` ԱՄՆ 1 դոլարի առքի առավելագույն գինը կազմել է 456 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի առքի առավելագույն գինը` 561 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու առքի գինը` 8,42 դրամ 1 ռուբլու դիմաց: ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 458 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի վաճառքի գինը կազմել է 569 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը` 8.54 դրամ 1 ռուբլու դիմաց: NASDAQ OMX Armenia ֆոնդային բորսայում հունիսից մինչև դեկտեմբերի 9-ը ներառյալ իրականացվել է $396.5 մլն գումարի արժութային գործարք, իսկ փոխարժեքը բարձրացել է 407,14-ից մինչև 438,62 դրամ/$1: Ընդ որում, դեկտեմբերի 1-ից հետո բորսայում արտարժույթով գործարքներ չեն իրականացվել: Բորսայական գործարքների այդ ծավալից շուրջ $117 մլն բաժին է ընկել միայն նոյեմբերին: Անցած շաբաթ (դեկտեմբերի 1-5) արժութային գործարքների միջբանկային շուկան գրանցեց աննախադեպ մաքսիմում`$59.3 մլն, ձևավորելով փոխարժեքը 442,42 դրամ/$1 մակարդակում, ինչի հետևանքով բորսան, շաբաթն սկսելով $3.5 մլն ծավալով (դեկտեմբերի 1), մինչ օրս դատարկ է: