Ուրբաթ, 12 Դեկտեմբերի 2014 16:29
ՀՀ ԿԲ ամենօրյա միջամտությունների ընթացքում այս շաբաթ արդեն վաճառել է 30 մլն. դոլար, միայն մի փոքր դանդաղեցնելով դրամի արժեզրկման տեմպերը
ԱրմԻնֆո. ՀՀ Կենտրոնական բանկն արժույթի շուկայում իրականացրած ամենօրյա միջամտությունների ընթացքում այս շաբաթ (դեկտեմբերի 8-12-ը) մասնակից-բանկերին արդեն վաճառել է 30 մլն.դոլար` օրական 6 մլն. դոլար: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից, միջին կշռված (ինդիկատիվ) փոխարժեքն այդ ժամանակահատվածում 456,63 դրամից բարձրացել է մինչև 470,22 դրամ/դոլար, իսկ նվազագույն սահմանը` 455 դրամից մինչև 469,76 դրամ/դոլար:
Ըստ ՀՀ ԿԲ դեկտեմբերի 8-ի հայտարարության, արժույթի շուկայում հավասարակշռությունը վերականգնելու և արժույթի տատանումները մեղմելու համար մեգառեգուլյատորը մտադիր է մինչև տարեվերջ կատարել ամենօրյա միջամտություններ: Վաճառվող արժույթի առավելագույն ծավալի հայտարարման իրականացվող քաղաքականությունը թույլ կտա նորմալացնել Հայաստանի արժույթի շուկայում ստեղծված իրավիճակը: Իր ամենօրյա ներդրումների մասշտաբները Կենտրոնական բանկը փուլերով կնվազեցնի, մինչև որ հասնի դրամի հավասարակշռված փոխարժեքին: Ի դեպ, առաջին շաբաթվա ընթացքում (դեկտեմբերի 8-12-ը) ամօրյա միջամտությունների ծավալը կազմել է 6 մլն.դոլար:
ՀՀ ԿԲ ղեկավար Արթուր Ջավադյանն օրերս հաղորդել էր, որ ԿԲ մտադիր չէ փոխել իր դիրքորոշումը և կհետևի ազատ լողացող փոխարժեքի քաղաքականությանը, որի շրջանակներում, անհրաժեշտության դեպքում, շուկայում կիրականացվեն արժութային միջամտություններ: Նրա ակնկալիքով, ԿԲ-ի այդ քայլը զգալիորեն կմեղմի փոխարժեքի տատանումները, հավասարակշռելով այն կայուն մակարդակում:
Ըստ վերջին տվյալների, դեկտեմբերի 12-ին Հայաստանի արժույթի մանրածախ շուկայում ՀՀ դրամի արժեզրկումն ԱՄՆ դոլարի նկատմամբ շարունակվում է, բայց համեմատաբար դանդաղ տեմպերով` ԿԲ ամենօրյա միջամտությունների շնորհիվ: Այսպես, հոկտեմբերից մինչև օրս դրամն արժեզրկվել է ավելի քան 15%: Տվյալ պահին փոխանակման կետերում դոլարի առքուվաճառքի փոխարժեքը կազմում է 464/469 դրամ/$1, եվրոն` 571/588 դրամ/1 եվրո, ռուսական ռուբլին` 8,1/8.75 դրամ/1ռուբլի: Օպտիմալ փոխարժեքը Հայաստանի բանկերում սահմանվել է` ԱՄՆ 1 դոլարի առքի առավելագույն գինը կազմել է 464 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի առքի առավելագույն գինը` 576 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու առքի գինը` 8,16 դրամ 1 ռուբլու դիմաց: ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 467 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի վաճառքի գինը կազմել է 582 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը` 8.42 դրամ 1 ռուբլու դիմաց: NASDAQ OMX Armenia ֆոնդային բորսայում հունիսից մինչև դեկտեմբերի 12-ը ներառյալ իրականացվել է $396.5 մլն գումարի արժութային գործարք, իսկ փոխարժեքը բարձրացել է 407,14-ից մինչև 461 դրամ/$1: Ընդ որում, դեկտեմբերի 1-ից հետո բորսայում արտարժույթով գործարքներ գրեթե չեն իրականացվել: Բորսայական գործարքների այդ ծավալից շուրջ $117 մլն բաժին է ընկել միայն նոյեմբերին: Անցած շաբաթ (դեկտեմբերի 1-5) արժութային գործարքների միջբանկային շուկան գրանցեց աննախադեպ մաքսիմում`$59.3 մլն, ձևավորելով փոխարժեքը 442,42 դրամ/$1 մակարդակում, ինչի հետևանքով բորսան, շաբաթն սկսելով $3.5 մլն ծավալով (դեկտեմբերի 1), մինչ օրս դատարկ է: