Շաբաթ, 13 Դեկտեմբերի 2014 15:47
Դրամի արժեզրկումը շարունակվում է`նույնիսկ ԿԲ ամենօրյա միջամտությունների պայմաններում
ԱրմԻնֆո. Դեկտեմբերի 8-12-ն նկած ժամանակահատվածում բորսայական արժութային գործարքներ գրեթե չեն իրականացվել, զուգահեռաբար միջբանկային արժութային շուկան զգալիորեն կրճատել է ծավալները, ինչի պատճառով դրամի արժեզրկումը շարունակվում է:
Դրա հետևանքով Հայաստանի արժույթի մանրածախ շուկայում ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ ընթացիկ շաբաթում բարձրացել է միջինը 451-ից մինչև 466,5 դրամ /$1`պահպանելով հետագա աճի միտումը: Հոկտեմբերից մինչ օրս դրամը դոլարի նկատմամբ արժեզրկվել է ավելի քան 15%-ով:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հայտնել են ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունում, ՙՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ՚ ԲԲԸ–ում դեկտեմբերի 8-12-ն նկած ժամանակահատվածում իրականացվել է 100,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 461 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում իրականացվել է 23,733,333 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 459.88 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Աղբյուրի համաձայն, արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 100,031,680 դոլար 454.88 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 124,475,391 ԱՄՆ դոլար 459.23 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Նույն ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 7,725,685 EUR 562.83 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 14,537,611 EUR 570.66 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 631,395,813 ՌԴ ռուբլի 8.36 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 173,604,130 ՌԴ ռուբլի 8.68 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Դեկտեմբերի 1-7-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 58.4 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով
տեղաբաշխված միջոցների ծավալըª 41.3 մլն ԱՄՆ դոլար:
Ըստ ՀՀ ԿԲ դեկտեմբերի 8-ի հայտարարության, արժույթի շուկայում հավասարակշռությունը վերականգնելու և արժույթի տատանումները մեղմելու համար մեգառեգուլյատորը մտադիր է մինչև տարեվերջ կատարել ամենօրյա միջամտություններ: Վաճառվող արժույթի առավելագույն ծավալի հայտարարման իրականացվող քաղաքականությունը թույլ կտա նորմալացնել Հայաստանի արժույթի շուկայում ստեղծված իրավիճակը: Իր ամենօրյա ներդրումների մասշտաբները Կենտրոնական բանկը փուլերով կնվազեցնի, մինչև որ հասնի դրամի հավասարակշռված փոխարժեքին: