Չորեքշաբթի, 17 Դեկտեմբերի 2014 18:28
ՀՀ ԿԲ. Դրամը գերարժեզրկվել է խուճապի և սպեկուլյացիաների հետևանքով
ԱրմԻնֆո. Դոլարի փոխարժեքը ներկայումս գերագնահատված է, իսկ դրամի փոխարժեքը` թերագնահատված: Այսօր կայացած մամուլի ասուլիսում նման հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, ընդգծելով, որ դրամի գերարժեզրկման մեղավոր են` սպեկուլյատիվ գործողոթյուններն ու բնակչության խուճապը:
«Դրամի իրական արժեքը կարտահայտվի գերարժեզրկման պատճառների բացահայտումից հետո: Ազգային արժույթն իր դիրքերը զգալիորեն կամրապնդի սպեկուլյացիոն և անհիմն խուճապային իրավիճակի վերացումից հետո»,-նշել է Ա.Ջավադյանը: ԿԲ ղեկավարը հավաստել է, որ դրամի փոխարժեքն անպայման կիջնի, բայց թե երբ` ձեռնպահ է մնացել պատասխանելուց: «Ամեն ինչ կախված է նրանից, թե երբ քաղաքացիները կդադարեն խուճապի մեջ հայտնվել»,-ասել է Ջավադյանը:
Ընդ որում, Ա.Ջավադյանը կոչ է արել ձեռնպահ մնալ փոխարժեքի տատանումների վրա գումարներ վաստակելուց, նշելով, որ դա կարող է բերել ֆինանսական էական կորուստների: «Ես քաղաքացիներին կոչ եմ անում լինել խելամիտ և ձեռնպահ մնալ անհիմն միջամտություններից»,-նշել է ՀՀ ԿԲ նախագահը:
Ա.Ջավադյանի խոսքով, խուճապը պայմանավորված է ռուսական ռուբլու արժեզրկումով, որի փոխարժեքը դոլարի նկատմամբ իջել է 25%: Նման իրավիճակ է եղել նաև հարևան Վրաստանում, բայց այնտեղ խուճապը ավելի շուտ անցավ:
Դեկտեմբերի 8-ին ՀՀ ԿԲ հայտարարեց արժույթի միջբանկային շուկայում հավասարակշռությունը վերականգնելու և արժույթի տատանումները մեղմելու նպատակով ամենօրյա միջամտություններ կատարելու մտադրության մասին, մասնակից-բանկերին օրական վաճառելով 6 մլն.դոլար: Հետագայում, կախված պահանջարկից, միջամտույթունների ծավալներն աստիճանաբար կնվազեն, տարեվերջին հասնելով զրոյի: Իսկ դեկտեմբերի 15-17--ի ԿԲ-ն միջբանկային շուկայում կատարած միջամտությունների արդյունքում վաճառել է 4-ական մլն.դոլար:
Նշենք, որ հոկտեմբերից մինչև օրս դրամի արժեզրկումը Հայաստանում կազմել է մոտ 40%, դեկտեմբերի 17-ին 17:00-ի դրությամբ կազմելով 570 դրամ/դոլար: Երկրի առևտրի բազմաթիվ կետեր, արժույթի շուկայում ստեղծված անկայուն իրավիճակի և ապրանքների գների կողմորոշման անհնարինության պատճառով, ժամանակավորապես դադարեցրել են մատակարարներից ապրանքների ստացումը, իսկ նման ապրանքների ցանկում են` շաքարավազը, ալյուրը, ձուն, կանաչ ոլոռը և այլն: Բացի այդ, առևտրի որոշ կետեր կամ սահմանափակել, կամ էլ դադարեցրել են մի շարք ապրանքների վաճառքը, որոնց ցանկում են` շաքարավազը, ալյուրը, մակարոնեղենը, հնդկացորենը, սպիտակաձավարը և այլն: