Հինգշաբթի, 18 Դեկտեմբերի 2014 13:45
Հայաստանի ֆինանսական շուկան սկսել է կայունացման նշաններ դրսևորել
ԱրմԻնֆո. Հայաստանի ֆինանսական շուկան այսօրվանից սկսել է կայունանալ, հայտարարել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը դեկտեբերի 18-ին կառավարության նիստում: Նա հետագա կայունացման հույս է հայտնել և հայտարարել, որ կառավարությունը գների չհիմնավորված աճ չի հանդուրժի:
Նշենք, որ դեկտեմբերի 18-ին մանրածախ արժութային շուկայում դոլարի նկատմամբ դրամի փոխարժեքը մեկ օրվա ընթացքում 570 դրամից նվազել է մինչև 530 դրամ:
Վարչապետը նշել է, որ նախօրեին հանրապետության ֆինանսնական շուկայում առկա իրավիճակը քննարկվել է ԱՄՀ, ՀԲ ներկայացուցիչների, գործարարների և մի շարք գերատեսչությունների ղեկավարների հետ: Նա հավելել է, որ միջազգային կազմակերպությունները պաշտպանում են ֆինանսական շուկայում իրավիճակի կայունացմանը նպատակաուղղված կառավարության քայլերը:
Վարչապետը նշել է, որ մտահոգված է սպառողական շուկայի փոխանակման կետերում արժույթի գնման և վաճառքի մեծ մարժայի առնչությամբ, ինչը նպաստում է սպեկուլյատիվ գործարքներին: Դրամի արժեզրկման պատճառով բարձրացել են սննդամթերքի գները, մասնավորապես, նախօրեին կտրուկ աճել են շաքարի և ալյուրի գները: Վարչապետը Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին հանձնարարել է դիտարկում անցկացնել շուկայում և հայտնաբերել գների չհիմնավորված բարձրացման փաստերը:
Հինգշաբթի լրագրողների հետ հանդիպմանը Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը նույնպես հավաստիացրել է, որ ֆինանսական շուկան կայունանում է: Նա հույս է հայտնել, որ փոխարժեքն այսուհետև էլ կնորմալանա, և ինֆլյացիան կմեղմվի: Ղազարյանը նշել է, որ աժիոտաժի պատճառով խանութներն ապրանքներ չեն վաճառել, քանի որ չեն իմացել, թե ինչ գնով վաճառել, ինչը մեծ խուճապ է հարուցել բնակչության շրջանում: Նա հայտարարել է, որ այսօրվանից հանրապետության առևտրային բանկերն ազատ արտարժույթ են վաճառում, մինչդեռ մինչև երեկ գործարարների և մասնավոր անձանց համար գործում էր օրվա ընթացքում մինչև 20 հազար դոլարի գնման սահմանակում: