Ուրբաթ, 19 Դեկտեմբերի 2014 17:44
ՀՀ ԿԲ բանկերի համար խստացրել է արտարժույթով ներգրավված միջոցների պարտադիր պահուստավորման նորմատիվը` 12%-ից մինչև 24%
ԱրմԻնֆո. ՀՀ Կենտրոնական բանկը խստացրել է բանկերի կողմից արտարժույթով ներգրավված միջոցների պարտադիր պահուստավորման նորմատիվը` 12%-ից մինչև 24%: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ ԿԲ    մամուլի ծառայությունից, այդ ՀՀ ԿԲ Խորհրդի դեկտեմբերի 17-ի որոշմամբ այդ փոփոխությունը կատարվել է «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» Կանոնակարգ 2-ում:
Աղբյուրի համաձայն, հայկական բանկերի և Հայաստանում գործող նրանց մասնաճյուղերի կողմից Կենտրոնական բանկում տեղաբաշխված արտարժույթով ներգրավված և առարկայազուրկ մետաղական հաշիվներով ներգրավված միջոցների համար պարտադիր պահուստների նվազագույն չափը սահմանվում է ներգրավված միջոցների 24%-ի չափով և ամբողջությամբ իրականացվում է ՀՀ դրամով:
Նշենք, որ 2007 թվականից ի վեր այդ նորմատիվը ԿԲ կողմից վերանայվել է 7 անգամ, ընդ որում, 2 անգամ 2010-ին, 3 անգամ` 2011-ին, աստիճանաբար անցնելով ամբողջությամբ դրամային պահուստավորմանը: Ի դեպ, դրամային պարտադիր պահուստների նվազագույն չափը, որոնք բանկերի կողմից տեղաբաշխում են ԿԲ-ում, պահպանվում էր ներգրավված միջոցների 2%-ի սահմաներում: