Շաբաթ, 20 Դեկտեմբերի 2014 18:52
Դեկտեմբերի 15-20-ը միջբանկային արտարժութային գործարքների ծավալները գերազանցել են բորսայական գործարքների ծավալները
ԱրմԻնֆո. Դեկտեմբերի 15-20-ը բորսայական արտարժութային հարթակը շարունակել է մնաց պասիվ վիճակում, միայն հազվադեպ հիշեցնելով իր մասին աննշան ծավալներով, մինչդեռ արտարժույթի միջբանկային շուկան աչքի ընկավ ակտիվությամբ` ԿԲ կողմից իրականացված ամենօրյա միջամտությունների շնորհիվ:
Արդյունքում, Հայաստանի արտարժույթի մանրածախ շուկայում դրամի միջին փոխարժեքը դոլարի նկատմամբ 570 դրամից իջավ մինչև 455 դրամ դոլար, առայժմ չցուցաբերելով հետագա աճի նշաններ: Հոկտեմբերից մինչև դեկտեմբերի 17-ը Հայաստանի մանրածախ արժույթի շուկայում ՀՀ դրամի արժեզրկումն ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է մոտ 45%, հետագայում արժեվորվելով 25%: Իսկ դրամի այդ «գերարժեզրկումը» մեգառեգուլյատորը «սանձեց» դեկտեմբերի 17-ին, խստացնելով արտարժույթով ներգրավված միջոցներով պարտադիր պահուստավորման նորմատիվը` 12%-ից մինչև 24%, ինչպես նաև դեկտեմբերի 8-ից իրականացրած ամենօրյա արտարժութային միջամտությունների հաշվին:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում դեկտեմբերի 15-20-ն արտարժութային գործարքների ծավալը կազմել է 800 հազ. դոլար (շաբաթվա աճը`8 անգամ), 459.47 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Արտարժույթի միջբանկային շուկայում դեկտեմբերի 15-20-ը իրականացված գործարքների ծավալը կազմել է 27.6 մլն.դոլար (շաբաթվա աճը`16.5%), 495.35 դրամ/դոլար միջին փոխարժեքով:
Աղբյուրի համաձայն, դեկտեմբերի 15-20-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 120.9 մլն.ԱՄՆ դոլար (շաբաթվա աճը` 20%), 488.17 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով և վաճառվել է 150.9 մլն ԱՄՆ դոլար (շաբաթվա աճը`21%8.9%), 495.00 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Նույն ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 9.6 մլն.եվրո, (շաբաթվա աճը` 24.7%) 599.65 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով և վաճառվել է 12.8 մլն.եվրո (շաբաթվա անկումը` 11.7%), 621.57 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում բանկերի կողմից գնվել է 722.7 մլն. ռուբլի, (շաբաթվա աճը` 16.3%), 7.84 դրամ/ռուբլի միջին փոխարժեքով և վաճառվել է 367.2 մլն.ռուբլի (շաբաթվա աճը`ավելի քան 2 անգամ), 8.25 դրամ/ռուբլի միջին փոխարժեքով:
Անցյալ շաբաթ Հայաստանի բանկերի կողմից ՀՀ դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 50.8 մլրդ դրամ (շաբաթվա անկումը`13%), իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 73.1 մլն ԱՄՆ դոլար (շաբաթվա աճը`77%):
Նշենք, որ ամենօրյա միջամտությունների արդյունքում ԿԲ-ն, դեկտեմբերի 8-ից, արտարժույթի շուկայում ընդհանուր առամբ դեկտեմբերի 8-12-ը վաճառել է 6-ական մլն.դոլար, իսկ 15-ին և 16-ին`4-ական մլն.դոլար: Իր ամենօրյա ներդրումների մասշտաբները Կենտրոնական բանկը փուլերով կնվազեցնի, մինչև որ հասնի դրամի հավասարակշռված փոխարժեքին: Դրա նպատակը դրամի փոխարժեքի ձևավորման վրա ՀՀ ԿԲ ազդեցության նվազեցումն է:Մասնավորապես, առաջին շաբաթվա ընթացքում (դեկտեմբերի 8-12-ը) միջամտությունների ծավալն օրական կկազմի 6 մլն.դոլար, որից հետո, կախված պահանջարկից, միջամտոյթոնների ծավալներն աստիճանաբար կնվազեն, տարեվերջին հասնելով զրոյի: