Երեքշաբթի, 23 Դեկտեմբերի 2014 19:05
ՀՀ ԿԲ վերաֆինանսավորման տոկոսադրույքը 6.75%-ից բարձրացրել է մինչև 8.5%
ԱրմԻնֆո. 2014 թ. դեկտեմբերի 23-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնել 1.75 տոկոսային կետով՝ սահմանելով 8.50%: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից:
Աղբյուրի համաձայն, 2014 թ. նոյեմբերին արձանագրվել է 1.3% գնաճ՝ նախորդ տարվա նույն ամսվա 0.9%-ի դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճը կազմել է 2.6%:
Նշվում է, որ արտաքին հատվածում վերջին զարգացումներն հիմնականում արտահայտվել են ԱՄՆ տնտեսության աճի տեմպերի արագացմամբ, որի ներքո ձևավորվել են ԱՄՆ-ում տոկոսադրույքների հետագա բարձրացման սպասումներ: Վերջինս պատճառ հանդիսացավ զարգացող երկրներից կապիտալի արտահոսքի դեպի ԱՄՆ, որը նպաստեց հիմնական զարգացող երկրների տնտեսական աճի տեմպերի դանդաղմանը և արժույթների արժեզրկմանը: Գրեթե բոլոր զարգացող երկրներն այս երևույթին արձագանքեցին տոկոսադրույքների որոշակի աճով՝ զսպելով գնաճային ճնշումները: Տարածաշրջանում այս ամենին լրացրեց հումքային շուկաների, հատկապես նավթի, գնանկումը և աշխարհաքաղաքական հիմնախնդիրները, որոնք նպաստեցին ՌԴ տնտեսության նկատմամբ բացասական սպասումների ձևավորմանը և ռուբլու ու այլ հետխորհրդային երկրների արժույթների արժեզրկմանը:
Համաշխարհային տնտեսության և տարածաշրջանի վերոնշյալ զարգացումների ազդեցությունն արտացոլվել է նաև ՀՀ տնտեսությունում, որտեղ արտաքին աշխարհից ստացվող արտարժութային հոսքերի կրճատումը արժեզրկման ճնշումներ ստեղծեց արժութային շուկայում: Դրամի արժեզրկման հետևանքով տեղի ունեցած որոշ ապրանքների թանկացման արագությունը բնակչության մոտ ապակայունացրեցին գնաճային սպասումները, որը բերեց ապրանքային և արտարժութային պահանջարկի կտրուկ ավելացմանը և զգալի լրացուցիչ գնաճային ճնշումների: Չնայած ակնկալվում է, որ տարեվերջին 12-ամսյա գնաճը դեռևս կգտնվի տատանումների թույլատրելի միջակայքում, սակայն ապագա գնաճային ճնշումները մեղմելու և առկա գնաճային սպասումները նպատակային ցուցանիշի շուրջ խարսխելու նպատակով ՀՀ ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը:
Հետագայում, տնտեսական զարգացումներին զուգընթաց, ԿԲ-ն համապատասխանորեն կճշգրտի դրամավարկային քաղաքականության ուղղությունները՝ միջնաժամկետ հատվածում ապահովելով գնաճի նպատակի իրագործումը:
Նշենք, որ լոմբարդային ռեպոների և ներգրավված միջոցների տոկոսադրույքները սահմանվել են համապատասխանաբար 20% և 7%:
Հիշեցնենք, որ ՀՀ Կենտրոնական բանկը սեպտեմբերից մինչև օրս վերաֆինանսավորման տոկոսադրույքը պահպանում էր 6.75 մակարդակում, այդ մակարդակ իջեցնելով օգոստոսի 12-ին (7%-ից): 2014 թվականին վերաֆինանսավորման տոկոսադրույքը փոփոխվել է 5 անգամ: Ընդ որում, լոմբարդային ռեպոների տոկոսադրույքներն աճել են 2 անգամ: Մասնավորապես, սույն թվականի դեկտեմբերի 3-ին ԿԲ լոմբարդային ռեպոների տոկոսադրույքերը 10.25%-ից բարձրացրեց մինչև 21%, իսկ մինչ այդ, նոյեմբերի 24-ին բարձրացրել էր 8.25%-ից:
Նշենք նաև, որ Հայաստանի արտարժույթի մանրածախ շուկայում դրամը դոլարի նկատմամբ հոկտեմբերի 17-ից մինչև դեկտեմբերի 17-ը ներառյալ արժեզրկվել է 45%, այնուհետև, դեկտեմբերի 18-20-ին արժեվորվել 25%, բայց դրամից հետո, դեկտեմբերի 23-ին դրամի փոխարժեքը հասավ 465 դրամ/դոլարին: Մինչդեռ Կենտրոնական բանկը դեկտեմբերի 8-ից ամենօրյա միջամտություններ էր իրականացնում արտարժույթի միջբանկային շուկայում, իսկ դեկտեմբերի 17-ին խստացրեց արտարժույթով ներգրավված միջոցների պարտադիր պահուստավորման նորմատիվը` 12%-ից բարձրացնելով մինչև 24%: Նշված միջոցառումներին այսօր ավելացավ նաև վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը: