Հինգշաբթի, 25 Դեկտեմբերի 2014 13:37
Փոխվարչապետ. Արժույթի փոխարժեքի կայունացումից հետո Հայաստանի փոխանակման կետերում արժութային մարժան վերադարձել է 3-5 դրամի նորմայի
ԱրմԻնֆո: Արժույթի փոխարժեքը Հայաստանում կայունացել է, եւ փոխանակման կետերում փոխարժեքի գնման եւ վաճառքի տարբերությունները պատմական ստանդարտ չափի մեջ են` 3-5 դրամ: Դեկտեմբերի 25-ին կառավարության նիստում այդ մասին հայտարարել է փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը: (Փոխարժեքի գնման եւ վաճառքի տարբերությունը դեկտեմբերի 17-ին գերազանցել է դոլարի նկատմամբ 20-30 դրամը):
Նրա ասելով, արժույթի փոխարժեքի կայունացումից հետո նվազել են նաև գները խանութներում: Նա նշել է, որ դրամի կտրուկ արժեզրկման հետևանքով դեկտեմբերի 16-17-ին Երևանում փակ է եղել շուրջ 94 խանութ: Այսօր արդեն բոլոր այդ խանութներն աշխատում են: Գաբրիելյանի ասելով, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը գների ամենօրյա դիտարկում է անցկացնում խոշոր խանութներում: Կայունացել են նաև գազալցակայանների գները, որոնց աճն օրերս հարուցել էր հասարակական տրանսպորտի վարորդների բողոքի ակցիաներ: Նա հավելել է, որ Հայաստանի կենտրոնական բանկը պատրաստվում է ներկայացնել փոխանակման կետերի գործունեության կարգավորման հայեցակարգ: