Երկուշաբթի, 12 Հունվարի 2015 19:50
Հայաստանի բանկային համակարգում դիտվում է ավանդների տոկոսադրույքների աճի միտում
ԱրմԻնֆո. Հայաստանի բանկային համակարգում նախորդ տարվա դեկտեմբերից շարունակվում են դրամային ավանդների տոկոսադրույքների աճի միտումները: Այժմ արդեն Անելիք Բանկն է առաջարկում տարեկան մինչև 16.25 % տոկոսադրույքով նոր ավանդատեսակ` «ԴՐԱՄԱՅԻՆ +»: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, այն ոչ միայն ապահովում է բարձր տարեկան տոկոսադրույք, այլ նաև ավանդատուներին հնարավորություն է տալիս ստանալ տվյալ տոկոսադրույքն ընդամենը 6 ամսով ավանդ ներդնելու դեպքում, իսկ 3 ամսյա ներդրման դեպում` ստանալ տարեկան 16% տոկոսադրույք: «Դրամային+» ավանդատեսակով ավանդներն ընդունվում են միայն ՀՀ դրամով` նվազագույնը 100 հազար ՀՀ դրամ գումարի չափով:
«Անելիք Բանկը, հետևելով շուկայի զարգացումներին և ուսումնասիրելով հաճախորդների պահանջարկը, մշտապես ներդնում է նոր բանկային` այդ թվում նաև ավանդային պրոդուկտներ, որոնք առավելապես նպատակաուղղված են օգնելու մեր հաճախորդներին շահավետ տնօրինել իրենց դրամական միջոցները: Նոր գործարկված «Դրամային +» ավանդատեսակով ներդնելով իրենց կարճաժամկետ ազատ միջոցներն` ավանդատուները նույնիսկ կարճ ժամկետների դեպքում կկարողանան ստանալ կայուն, բարձր եկամուտ»,- նշեց «Անելիք Բանկ» ՓԲԸ Հասարակության հետ կապերի պատասխանատու Աստղիկ Մարտիրոսյանը:
Հիշեցնենք, որ 2014 թվականի վերջին ավանդային տոկոսադրույքների բարձրացմանն առաջինը գնաց ProCredit Bank-ը: Մասնավորապես, դեկտեմբեին այդ բանկը 3 ամսով դրամային ավանդների համար տոկոսադրույքները հայտարարեց 16-18%:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի Բանկերի Ֆինանսական Վարկանիշի, ժամկետային ավանդների պորտֆելի ծավալների տարեկան աճով 2014 թվականի հոկտեմբերի 1-ի դրույթամբ Անելիք Բանկն ընդհուպ մոտեցավ շուկայի առաջատարների տասնյակին: Ընդ որում, նոր ավանդատեսակների շնորհիվ բանկին հաջողվեց տարեկան կտրվածքով արձանագրել ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների պորտֆելի 30% աճ:
Նշենք, որ Անելիք Բանկի միանձնյա սեփականատերն է լիբանանյան Credit Bank S.A.L. բանկը, որը 2013 թվականի չորրորդ եռամսյակում իր մասնաբաժինը 89.95%-ից հասցրրեց 100%-ի: